«Օգոստոսի 12-ի վաղ առավոտյան իր բնակարանում, անհայտ անձի կամ անձանց կողմից սպանվել է երկար տարիների մանկավարժ, 45-ամյա Լուսինե Ղազարյանը: Կոմիտասի պողոտայի 30 շենքի երկրորղ հարկում գտնվող նրա բնակարան հանցագործները մուտք են գործել պատշգամբից, որի դուռը, շոգ եղանակի պատճառով, տանտիրուհին գիշերը բաց էր թողել:

Երբ մարդասպանը նոր է մտած եղել բնակարան,եւ կինը փորձել է աղմկել, նրա հարեւանները լսել են կնոջ ձայնը եւ ժամը 4.30-ի սահմաններում զանգահարել ոստիկանություն: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Իսկ գիտե՞ք, թե ինչ է եղել հետո: Ոստիկանները որեւէ կերպ չեն արձագանքել, հրահանգել են, որ մարդիկ հանգիստ քնեն: Հարեւանները նորից են զանգահարել: Կարծում եք` ոստիկանները եկե՞լ են: Ոչ: Նրանք մուննաթ են եկել իրենց զանգահարող աղջկա վրա, ասել են. «Կարո՞ղ ա գիտես` պետք ա գանք բոլոր բնակարանները հատ-հատ ստուգենք»: Դրանից որոշ ժամանակ անց հարեւանները եւս մեկ անգամ զանգահարել են «02» հեոախոսահամարով: Վերջապես մի ոստիկան է հայտնվել: Կարծում եք, նա փորձել է պարզե՞լ, թե ինչ է եղել: Ոչ: Կանգնել է շենքի մուտքի մոտ ու ասել, որ ոչինչ չի կարող անել` մինչեւ կնոջ բնակարանի դուռը չբացվի: Մի քանի ահազանգից հետո իրավապահներից հույսները կտրած հարեւաններից մեկին հաջողվել է մտնել Լուսինեի բնակարան, բայց, դժբախտաբար, կինն արդեն մահացած է եղել:

Ոստիկանություն առաջին զանգից մինչեւ կնոջը հայտնաբերելու պահը տեւել է երկուսուկես ժամից ավելի: Ի՞նչ կլիներ, եթե ոստիկանները ժամանակին արձագանքեին քաղաքացիների կանչին: Գուցե Լուսինե Ղազարյանին հնարավո՞ր լիներ փրկել: Գուցե հանցագործն էլ արդեն հայտնաբերվա՞ծ լիներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից երեկ մեզ այդպես էլ չպատասխանեցին, թե որոնք են ոստիկանների անպատասխանատու, մարդու կյանք արժեցած անտարբերության պատճառները,եւարդյոք դա պարզելու համար ծառայողական քննություն նշանակվել է, թե՛ ոչ:

Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ, բնականաբար, չեն էլ հիշատակվում կանչերը, որոնք եղել են, նախ, ժամը 4.30-ի, հետո՝ 5-ի սահմաններում»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: