Երեկ` օգոստոսի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 28-ամյա Վլադլեն Արմիզյանը BMW X5 մակնիշի մեքենայով Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում` նախկին Ծաղկունք ռեստորանի մոտ,  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել հարակից ձորակը:

Վթարի հետեւանքով մեքենայի ուղեւորներ, Ռուսաստանի Դաշնության բնակիչներ 49-ամյա Իրինա Հակոպովան եւ 18-ամյա Իլոնա Արմիզյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները` ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի