Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ գեղարվեստական լուսավորությամբ ապահովված արձանների լուսավորման ժամանակացույցը կերկարաձգվի գիշերային ժամերին: Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարում էր քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ ընթացքի մեջ են նաեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների ծառերի գեղարվեսական լուսավորման աշխատանքները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ անխափան գիշերային լուսավորություն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի այրված լամպերն ու կարճ ժամկետում վերականգնել վթարները` ներառելով նաեւ բակային տարածքները:
Երեւանի քաղաքապետարանի 2012թ.-ի բարեկարգման ծրագրերի շրջանակում արդեն ավարտվել են կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքները: Զեկուցվել է, որ գործընթացը շարունակվում է նաեւ բակային տարածքներում: Քաղաքապետի տեղակալը նշելով, որ ցայտաղբյուրների բարեկարգման ու վերագործարկման աշխատանքները մեծ ոգեւորություն ու գոհունակություն են առաջացրել ոչ միայն երեւանցիների այլեւ մայրաքաղաքի բազում հյուրերի շրջանում, փոխանցել է ծրագիրը սահմանված ժամկետում ավարտելու վերաբերյալ քաղաքապետի հանձնարարականը:
Մայրաքաղաքի փողոցներում եւ բակային տարածքներում 2012 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման եւ ճաքալցման աշխատանքների մասով զեկուցվել է, որ գործընթացը շարունակվում է սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է բարեկարգված փողոցներում զուգահեռաբար շարունակել նաեւ գծանշման աշխատանքները:
Անդրադառնալով կանաչ տարածքների խնամքին եւ ոռոգման համակարգերի արդյունավետ շահագործմանը` հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի եւ Մարզահամերգային համալիրի մերձակա անտառային տարածքների համատարած ոռոգումը ապահովելու ուղղությամբ:
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է նաեւ Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Մրցույթի արդյունքում բացառապես ընտրվում են այն շարժակազմերը, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին:
Զեկուցվել է, որ ի կատարումն Երեւանի քաղաքապետի հանձնարարականի գույքագրվել են մայրաքաղաքի ավտոկայանատեղիներն ու ուսումնասիրվել են դրանց համար տրամադրված բոլոր պայմանագրերը: Զեկուցվել է նաեւ, որ շարունակվում է վերահսկողությունը վարձակալների պայմանագրային պարտավորություններով սահմանված նորմերի պահպանման ուղղությամբ:
Արդեն ավարտվել են մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները: Շուտով այդ համակարգով ապահովված կլինեն նաեւ մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, զեկուցվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:




























