Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, վճռել է մարմնի մասերի թրաֆիքինգի գործով ամբաստանյալ 25-ամյա Սերգեյ Հովսեփյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված հանցանքում եւ դատապարտել ազատազրկման` 8 տարի ժամկետով: Այս մասին NEWS.am-ը տեղեականում է Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքից:

Մինչ սույն գործի նախապատմությանն անցնելը հիշեցնենք, որ 21-րդ դարում մարդկանց որսն ու վաճառքը իրականացնող բիզնեսի այս տեսակը հիմնականում բաժանվում է 4 ճյուղի` սեռական, աշխատանքային, մարմնի մասերի եւ երեխաների առեւտրի: Թրաֆիքինգի այլ տեսակներ եւս կան`ստրկության դրդող վիճակը` ստրկություն, երեխայի առքուվաճառք, մարդու առքուվաճառք, սակայն դրանք մյուս 4-ի պես տարածված չեն: Փաստաբան Հովիկ Արսենյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ թրաֆիքինգի գործերով երկրները բաժանված են երեք խմբերի` սկզբնաղբյուր երկիր, տարանցիկ երկիր եւ վերջնակետ երկիր: «Բայց առաջին հերթին մենք ելքի` մատակարար երկիր ենք համարվում, հետո նոր տարանցիկ եւ վերջում նոր միայն մուտքի` վերջնակետ երկիր»,- ասել էր Հովիկ Արսենյանը:

Առավել հայտնի սեռական թրաֆիքինգի տեսակին NEWS.am-ը արդեն անդրադարձել է: Հետեւաբար` նշենք, որ առավել պահանջված է մարմնի մասերի թրաֆիքինգը: Այս ճյուղը ոչ միայն շահույթ է ապահովում, այլեւ տվյալ դեպքում զոհի կյանքի հաշվին մեկ ուրիշի կյանքն է փրկվում: Իսկ  կյանքը փրկելու համար շատերը պատրաստ են վճարել վերջին կոպեկը եւ կորցնել խիղճը:  Համեմատության համար նշենք, որ համաշխարհային շուկայում Հնդկաստանը մարմնի մասեր արտահանող ամենագլխավոր երկիրներից է համարվում` հատկապես երիկամների գործով,  ինչը պայմանավորված է երկրի սոցիալական վիճակով:  Իսկ որպես մուտքի երկիր հիմնականում Իսրայելն է համարվում, քանի որ այնտեղ փոխպատվաստումները բարձր մակարդակով են կազմակերպվում: Նման բիզնեսների թիկունքում էլ առհասարակ «մաֆիոզ» կազմակերպություններն են կանգնած:

Հարկ է նկատել, որ տվյալ շուկայում չպահանջված մարմնի մաս չկա, քանի որ  նույնիսկ մարդկանց մաշկն են քերթում` նոր մաշկ ստանալու նպատակով: Իսկ վտանգավոր հանցախմբերի շրջանում շատ պահանջված է մատնահետքերը փոխելու վիրահատությունը: Հովիկ Արսենյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում մարմնի մասերի թրաֆիքինգի գործով  ամենաթարմ դեպքով զոհին տարել հասցրել էին Շրի Լանկա եւ երիկամները վաճառել: Ինչ վերաբերում է նախապատմությանը, ինչպես նշել էինք 25-ամյա Սերգեյ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնություն ձեռք բերելով արտերկրում բնակվող, գործով դեռեւս ինքնությունը չպարզված ոմն Ալեքսի, Ալբերտի եւ Բագդանի հետ, մարդկանց շահագործելու, այն է՝ օրգաններ՝ երիկամ, վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելու, նրանց տեղափոխումը կազմակերպելու եւ յուրաքանչյուր անձի դիմաց 2000-ական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն ստանալու վերաբերյալ, ՀՀ-ում բժշկական կենտրոններ այցելելու եւ ինտերնետային կայքերում հայտարարություններ տեղադրելու միջոցով, մարդկանց վիճակի խոցելիությունն օգտագործելով, բժշկական հետազոտության եւ տեղափոխման ծախսերը հոգալու եւ երիկամի դիմաց 10 հազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն տալու խոստումներով, հավաքագրել է Արեւհատ Բենիկի Մխիթարյանին, Նարեկ Հովհաննիսյանին, Աշոտ Հարությունի Գազիլյանին, Աարգիս Մնացականի Ֆեսչյանին, Գայանե Նորայրի Ստեփանյանին եւ Արտաշես Գագիկի Մխիթարյանին եւ ՀՀ պետական սահմանը հատելու միջոցով կազմակերպել է Արեւհատ Մխիթարյանի, Աշոտ Գազիլյանի, Աարգիս Ֆեսչյանի եւ Գայանե Ստեփանյանի տեղափոխումը Շրի Լանկայի հանրապետություն։ Ամբաստանյալ Սերգեյ Հայկի Հովսեփյանի ինքնախոստովանական ցուցմունքում պատմել է, որ գտնվելով սոցիալական ծանր վիճակում, ունենալով կուտակված պարտքեր, իր եւ ընտանիքի կարիքները հոգալու, ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով, 2011թ. ամռանը մտադրվել է վաճառել իր երիկամը։

Տեղեկանալով, որ Հայաստանում նման վիրահատություններ կատարվում են «Արաբկիր» բժշկական կենտրոնում` այցելել է այնտեղ, սակայն իրեն տեղեկացրել են, որ որպես դոնոր կարող է հանդես գալ միայն հիվանդի ազգականը։ Դրանից հետո երիկամի փոխպատվաստման դոնոր փնտրողների հայտարարություններ է որոնել համացանցային կայքերում եւ մի քանիսին արձագանքելով` ծանոթացել է ոմն Ալեքսի հետ։ Վերջինս հայտնել է, որ իր հոր համար երիկամ է անհրաժեշտ եւ պատրաստ է դրա դիմաց վճարել 10 հազար ԱՄՆ դոլար գումար։ Գումարային պարտավորություններ ունենալու, պարտատերերի կողմից իրենց գումարները պահանջելու, դրանք վերադարձնելու հնարավորություն չունենալու եւ դրանից ճնշված լինելու պատճառով համաձայնվել է այդ պայմանին եւ հարցրել, թե ինչ է իրենից պահանջվում։ Ալեքսը հայտնել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է գնալ հիվանդանոց եւ հետազոտվել։ Համապատասխան բժշկական հիմնարկում հետազոտություններ անցնելուց հետո դրանց արդյունքներն համացանցով ուղարկել է Ալեքսին։ Վերջինս տվել է դրական պատասխան եւ ասել, որ ինքն Իսրայելից է, իսկ վիրահատությունը կատարվելու է Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքում։ Իր համար պատվիրվել են էլեկտրոնային տոմսեր եւ 2011թ. հոկտեմբերի 6-ին Երեւանից մեկնել է Մոսկվա, այնտեղից Աբու Դաբի, որից հետո` Շրի Լանկայի Կոլոմբո քաղաք։ Կոլոմբոյում իրեն դիմավորել է ազգությամբ հրեա ոմն Ալբերտը, որն իրեն ուղեկցել է հյուրանոց։ Հաջորդող օրերին Ալբերտի ուղեկցությամբ տարբեր կլինիկաներում անցել է բժշկական հետազոտություններ, նրա վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են ձեւակերպել այն մասին, իբրեւ թե հանդիսանում է այն հիվանդի ազգականը, ում համար պետք է դոնոր հանդես գա։ 2011թ. հոկտեմբերի 16-ին ենթարկվել է վիրահատության, որի արդյունքում իր ձախ երիկամը վերցվել է։ Չորս օր բժշկական կենտրոնում գտնվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Իր երիկամի դիմաց պահանջել եւ հիվանդի քրոջից ստացել է 12 հազար ԱՄՆ դոլար գումար։ Հասկացել է, որ այն անձը, ում համար հանդես է եկել որպես դոնոր, Ալեքսի հայրը չէ։ Այդ մասին հայտնել է նաեւ Ալբերտին, ինչին վերջինս պատասխանել է, որ իրենք իրականում ընդամենը միջնորդներ են այդ գործում։ Ալբերտը, իսկ հետագայում հեռախոսային խոսակցության ժամանակ նաեւ Ալեքսն ասել են, որ իրենք այդ գործով են զբաղվում եւ եթե Հայաստանում կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան որպես դոնոր հանդես գալ` իրենք պատրաստ են վճարել 10 հազար ԱՄՆ դոլար, իսկ իրեն` յուրաքանչյուրի համար 2 հազար ԱՄՆ դոլար գումար որպես միջնորդավճար։ Գայթակղվել է այդ առաջարկով եւ 2011թ. հոկտեմբերի 23-ին վերադառնալով Հայաստան` սկսել է զբաղվել երիկամի փոխպատվաստման դոնոր հանդես գալու ցանկություն ունեցող մարդկանց հավաքագրմամբ: Ինչի համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հուլիսի 31-ին վճռել է ամբաստանյալ Սերգեյ Հայկի Հովսեփյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված հանցանքում եւ դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2012թ. առաջին կիսամյակում մարդկանց թրաֆիքինգի` (132, 132պ հոդվածով) 15 դեպք է արձանագրվել` 2011թ-ի նույն ժամանակահատվածի 11 դեպքի համեմատ: Այս մասին  NEWS.am-ը տեղեկացել էր ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի վերջերս ամփոփված հաշվետվությունից:

Հ.Գ Առաջիկայում կանդրադառնանք երեխաների թրաֆիքինգին:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը