Այսօր` օգոստոսի 20-ին, Գյումրի քաղաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը հանդիպեց քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ:
Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը հայտնեց, որ հանդիպման ընթացքում, որի նպատակն էր թեկնածուի նախընտրական ծրագրն ավելի բազմակողմանի եւ լրամշակված դարձնելը, Սամվել Բալասանյանը ներկայացրեց քաղաքի զարգացման իր տեսլականը եւ քաղաքապետ ընտրվելու պարագայում կատարվելիք աշխատանքների հակիճ նկարագրությունը, որից հետո կողմերն անցան քաղաքի զարգացման հետ կապված տարաբնույթ հարցերի քննարկմանը, մտքերի փոխանակմանը, ինչպես նաեւ հանդես եկան տարաբնույթ առաջարկություններով:
Սամվել Բալասանյանը նշեց, որ արված բոլոր առաջարկությունները մանրակրկիտ կքննարկվեն եւ հնարավորինս տեղ կգտնեն իր նախընտրական ծրագրում: Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը հավաստիացրեց ներկաներին, որ համայնքի ղեկավար ընտրվելու պարագայում նման ձեւաչափի հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:




























