«Առավոտը» գրում է, որ սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կկայանան  ՏԻՄ ընտրություններ: Այդ օրը մարզի 49 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Չնայած թեկնածուների առաջադրումը շարունակվում է, սակայն արդեն իսկ մի շարք համայնքներում նշմարվում է  թեժ մրցակցություն: ՀՀԿ–ի կողմից Դիլիջանում քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ, ՀՀԿ Դիլիջանի  տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Արմեն Սանթրոսյանը:

Ինքնառաջադրումով Դիլիջանի  քաղաքապետի թեկնածու է առաջադրվել հանրային պաշտպանի  գրասենյակի փաստաբան, անկուսակցական, 1978թ. ծնված Գուրգեն  Հարությունյանը: Հավանական է, որ առաջիկայում կառաջադրվեն Դիլիջանի  քաղաքապետի եւս 2 թեկնածուներ:

Բերդ քաղաքում ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի  թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ, ՀՀԿ Բերդի տարածքային  կազմակերպության խորհրդի նախագահ Անդրանիկ Շառյանը եւ  էլցանցի Բերդի մասնաճյուղի ղեկավար, ՀՀԿ անդամ Հարություն  Մանուչարյանը: Բերդում հանրապետական երկու թեկնածուների միջեւ մրցակցությունը թեժ է լինելու: