Ավագանու անդամի մանդատը վերցրած ՀԱԿ համամասնական ընտրացուցակում ընդգրկված միակ ներկայացուցիչը` Ռուբեն Թորոսյանը իրավունք չունի ինչ-որ պահանջ ներկայացնելու կամ խոսելու ՀԱԿ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Եթե Ռուբեն Թորոսյանը վերցրել է մանդատը, ապա խնդիր չկա, թող շարունակի աշխատել, իսկ մյուսները կդադարեցնեն իրնց ավագանու նադամությունը, թե ոչ, իր խնդիրը չէ: Ես չեմ կարծում, որ Ռուբեն Թորոսյանը իրավունք ունի ինչ-որ պահանջ ներկայացնելու կամ խոսելու, որ դադարեցնեն: Ինքը վերցրել է մանդատը, քավ լիցի, իր իրավունքն է, կարող է շարունակել աշխատել, իսկ մյուս մանդատների հարցը ամեն մեկը կարող է  ինքնուրույն այդ որոշումը կայացնել»,- ասաց նա:

Լյուդմիլա Սարգսյանը հավելեց, որ ոչ մի կերպ չի գնահատում նրա նախաձեռնությունը, 3 տարի չի տեսել Ռուբեն Թորոսյանին, «ոչ նա ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում, ոչ էլ ՀԱԿ-ում ակտիվ մասնակցում է գործընթացներին»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռ.Թորոսյանը ավագանու առաջիկա նիստի  օրակարգում ընդգրկելու համար նախաձեռնություն  է ներկայացրել ՀԱԿ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: Ըստ Թորոսյանի պետք է դադարեցնել Լևոն Տեր-Պետրոսյանի, Սուրեն Աբրահամյանի, Աշոտ Ադամյանի, Մասիս Այվազյանի, Դավիթ Առաքելյանի, Մանուել Գասպարյանի, Վարդան Գրիգորյանի, Գուրգեն Եղիազարյանի լիազորությունները:

Նշենք, որ Ռուբեն Թորոսյանը ՀԱԿ համամասնական ընտրացուցակում ընդգրկված միակ ներկայացուցիչն էր, ով վերցրել էր ավագանու անդամի մանդատը, Հայ ազգային կոնգրեսը բոյկոտում է ավագանուն աշխատանքները: