30-ամյա Արսեն Սարգսյանին սպառնում է 4-10 տարվա ազատազրկում` մտավոր հետամնաց Սուսաննա Հովհաննիսյանի նկատմամբ աղջկա կամքին հակառակ խմբակային սեռական գործողություններ կատարելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական Դեպարտամենտի պաշտոնական կայքէջից: Իսկ Սույն գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում:
Մինչ դեպքի նախապատմությանը անցնելը նշենք, որ 30-ամյա Արսեն Սարգսյանի դեմ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով: Սույն արարքը պատժվում է ազատազրկման 4-10 տարի ժամկետով: Հարկ է նկատել, որ դեպքը տեղի է ունեցել դեռեւս 4 տարի առաջ, սակայն Արսեն Սարգսյանը դեպքից հետո դիմել է փախուստի, հետեւաբար գործը ընթացք է ստացել 2012թ-ին նրան հայտնաբերելուց հետո: Այսպիսով` նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա 2008թ-ի սեպտեմբերի 10-ին, ժամը 12-13-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում պատահաբար հանդիպել է իրեն նախկինում անծանոթ` մտավոր հետամնաց Սուսաննա Հովհաննիսյանին:
Վերջինս հայտնել է, որ կորել է եւ խնդրել է օգնել իրեն` զանգահարել եղբորը` Արթուր Գալստյանին եւ հայտնել գտնվելու վայրը: Սակայն Արսեն Սարգսյանը, օգտվելով Սուսաննայի առկա վիճակից, խաբեությամբ նրան` թիվ 13 երթուղային տաքսով, տարել է Հայկ Հովսեփյան փողոցի վրա գտնվող «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից այգի, որտեղ քիչ անց հանդիպելով իր կանչով եկած ընկերոջը`գործով դեռեւս չպարզված ոմն Վոլոդյային, վերջինիս հետ տուն տանելու խոստումներ տալով, ինչպես նաեւ հոգեկան ազդեցություն գործադրելով Սուսաննայի նկատմամբ, մոտակա մթերային խանութից գնումներ կատարելուց հետո, այդ թվում ոգելից խմիչք, Սուսաննային տարել են Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 2/4 հասցեում գտնվող «Մայակ» բենզալցակայանի հետնամաս` Հրազդան գետի աջ ափին գտնվող հողամասերից մեկը: Եվ այնտեղ Արսեն Սարգսյանը, ոմն Վոլոդյան եւ իրենց կանչով իրենց միացած` գործով չպարզված, ոմն երիտասարդը ստիպողաբար Սուսաննա Հովհաննիսյանին ոգելից խմիչքներ են խմեցրել, իսկ հետո, օգտվելով նրա անօգնական վիճակից, բռնություն գործադրելով` Սուսաննայի կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել նրա նկատմամբ եւ դիմել փախուստի:
Արսեն Սարգսյանը հայտնաբերվել է 2012թ-ի մայիսին եւ կալանավորվել: Ներկա պահին վերջինս գտնվում է «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկում: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատախազը միջնորդել է Արսենին դատապարտել 7 տարվա ազատազրկման: Ամբաստանյալն իր մեղքը չի ընդունել: Բայցեւայնպես, դատաբժշկական փորձագիտական եզրակացությունը, համաձայն դեպքից հետո աղջկա կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված է եղել , ունեցել է մարմնական թեթեւ վնասվածքներ, քերծվածքներ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 2-ին:
Հ.Գ. Տուժողի անունը փոխված է:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը


























