Պորտուգալիայի խորհրդարանը քննարկելու է եւ սպասվում է, որ հաստատելու է միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը: Այսպիսով, Պորտուգալիան կդառնա Եվրամիության անդամ երկրներից 6-րդը, որտեղ օրինականացված են հոմոսեքսուալ կապերը: Հաղորդում է BBC-ն:
Օրինագծի օգտին պատրաստվում են քվեարկել իշխող սոցիալիստական կուսակցության պատգամավորները, որոնց պետք է պաշտպանեն ձախ ուղղվածության այլ կուսակցության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ աջ կենտրոնամետները:
Միասեռ ամուսնությունների դեմ ակտիվորեն հանդես է գալիս պահպանողական կուսակցությունը, որը կոչ է անում այդ հարցը դնել հանրաքվեի: Նշենք, որ զարգացած ժողովրդավարական երկրներում հոմոսեքսուալիզմը չի համարվում հանցագործություն:
2002 թվականին Արգենտինան դարձավ առաջին լատինամերիկյան երկիրը, որը պաշտոնապես թույլ տվեց նույն սեռի մարդկանց ապրել քաղաքացիական ամուսնության միությամբ, սակայն նրանք չունեին այն բոլոր իրավունքները, որոնք ունեն սովորական ամուսնական զույգերը: Մասնավորապես՝ իրավունք չունեին երեխա որդեգրել:
2009 թվականին միասեռ ամուսնությունները թույլատրվեցին Մեխիկոյում: Համասեռամոլներն ու լեսբուհիները նույն իրավունքներն ունեն նաեւ, մասնավորապես՝ Բելգիայում, Կանադայում, Իսպանիայում, Հոլանդիայում, Նորվեգիայում, Հարավաֆրիկյան հանրապետությունում, Շվեդիայում, ինչպես նաեւ ԱՄՆ մի շարք նահանգներում: Իսկ ահա արեւելյան, հատկապես մահմեդական երկրներում համասեռամոլությունը հետապնդելի արարք է համարվում:
2009 թվականի օգոստոսին Իրաքում կտտանքների է ենթարկվել եւ սպանվել առնվազն 90 տղամարդ, որոնք կասկածվել են հոմոսեքսուալիզմի մեջ:
Միասեռ ամուսնությունները լեգալացնելու մասին են խոսում նաեւ Ալբանիայում: Հնդկաստանում հոմոսեքսուալիզմը դադարել է համարվել քրեական հանցագործություն միայն 2009-ի հուլիսից, թեեւ միասեռ ամուսնությունները մինչ օրս էլ արգելված են: Մինչ այդ հոմոսեքսուալ հարաբերությունների համար այդ երկրում նախատեսվում էր 10 տարվա ազատազրկում: Խորհրդային Միությունում նույնպես դրա համար 2-10 տարվա ազատազրկում էր նախատեսված:




























