Արթիկում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում Հանրապետական կուսակցությունը կսատարի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանի թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով  նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Հարցին, թե ՏԻՄ ընտրությունների արդյունքում որքան կլինի ՀՀԿ ներգրավածությունը, նա նշեց, որ մոտ 65-70 տոկոս: «Եթե ուսումնասիրենք թեկնածուների առաջադրման վիճակը, մոտավորապես 65-70 տոկոս մենք արդյունք կունենանք, այդ ցուցանիշը այժմ էլ ունենք եւ կպահպանենք, մի բան էլ ավել»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների` նախագահական ընտրություններից առաջ որոշակի փորձ լինելուն, որով կպայմանավորվեն նախագահական ընտրությունները, ՀՀԿ-ականը նշեց, որ իրենք կարեւորում են ՏԻՄ ինստիտռուը` հանրային կյանքը կազմակերպելու առումով եւ դրանք ճիշտ ուղղորդելու դեպքում բավականին հեշտ կլինի համապետական ընտրությունները ճիշտ կազմակերպելը: «Դրա համար էլ ՀՀԿ-ն միշտ կարեւորել է այդ ինստիտուտի դերը եւ լրջորեն է մոտեցել այդ խնդրին: Մեկը մյուսի հետ փոխկապակցված են, ոչ մի տարանաջատում չկա, կարեւորելով` մենք հետեւողական ենք այդ ինստիտուտի կայացման, պրոցեսների մասնակցության առումով»,- նշեց նա:

Նշենք, որ Արթիկում սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների համար առաջադրվել են հանրապետականներ, գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, Սոցիալական ապահովության պետական ծառայության Արթիկի տարածքային բաժնի պետ Արսեն Աբրահամյանը,  ՀՀԿ անդամ Հմայակ Աբրահամյանը եւ անկուսակցականներ Մեսրոպ Բզնունին, Հովակիմ Երիցյանը, Սերգեյ Զաքարյանը: Մեսրոպ Բզնունին եւ Հովակիմ Երիցյանը հետագայում ինքնաբացարկների դիմումներ են ներկայացրել: