Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` Ալեքսանդր  Ազարյանի նախագահությամբ,  65-ամյա Ալեքսան Սարդարյանին դատապարտվեց  3 տարվա պայմանական ազատազրկման` քենու` Վերա  Անտինյանի գլխին մետաղյա թավայով խփելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական Դեպարտամենտի պաշտոնական կայքէջից:

Մինչ այդ Վերա Անտինյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում 2012թ. մարտի 8-ի որոշմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել էր քրեական գործը։  2012թ. մարտի 11-ին Ալեքսան Սարդարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2012թ. մարտի 8-ին ժամը 02.20-ի սահմաններում Երեւան քաղաքի Շիրակի փողոցի բնակարաններից մեկում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում խոհանոցի սպասքապահարանի վրա գտնվող մետաղյա թավայով հարվածել է թախտին պառկած իր քենու` Վերա Անտինյանի գլխին: Պատճառելով` գանգուղեղային տրավմա, ձախից ճակատոսկրի կոտրվածք եւ գլխուղեղի սալջարդ վերքերի ձեւով` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս, կյանքի համար վտանգավոր:

2012թ. հունիսի 11-ին քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Դատարանը արագացված կարգով քննելով գործը, ըստ մեղադրանքի եւ հիմք ընդունելով մեղադրանքում դրված ապացույցները գտել է, որ ամբաստանյալ Ալեքսան Սարդարյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն, որի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի։ Որպես ամբաստանյալ Ալեքսան Սարդարյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առել այն, որ նա վատառողջ է` սահմանափակ մեղսունակ, առաջին խմբի հաշմանդամ, ախտորոշվել է «Օրգանական հայլուցինոզ» հիվանդությունը, որը հանցագործության պահին էապես ազդել է նրա գիտակցության եւ վարքի վրա, ամբաստանյալն անկեղծորեն զղջացել է կատարածի համար եւ նախաքննության ժամանակ տվել է խոստովանական ցուցմունքներ, ինչով ակտիվորեն աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ եւ միջնորդել է նրան ազատել քրեական պատասխանատվությունից:

Բայցեւայնպես, դատարանը վճռել է Ալեքսան Սարդարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ պատիժ նշանակել ազատազրկում` 3 տարի ժամկետով։ Նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցել Ալեքսան Սարդարյանի` 2012թ. մարտի 8-ից մինչեւ 2012թ. մարտի 11-ը, նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակը եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի 11 ամիս 26  օր ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ալեքսան Սարդարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան` 2 տարի ժամկետով։ Ալեքսան Սարդարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնել անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Իսկ իրեղեն ապացույց հանդիսացող մետաղյա թավան  էլ հանձնվել է Ալեքսան Սարդարյանին։

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը