Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բնակարանում խուզարկություն չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը: «Ո՞րը պետք է լիներ դրա հիմքը»,- ավելացրեց Լիլիթ Աղեկյանը` արձագանքելով խուզարկության հետ կապված վերջին լուրերին: Ինչպես նաեւ փոխանցեց, որ Վարդան Ղուկասյանի որդին Հանրապետություն չի եղել:
«Եւ կապել Վարդան Ղուկասյանի որդուն այդ միջադեպի հետ, եթե այդ միջադեպը, իհարկե, եղել է սխալ է»,- նկատեց Լիլիթ Աղեկյանը:
Իսկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում է նախաքննություն եւ համապատասխան քննչական գործողություններ, այս պահին ավելին ասել չեն կարող:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «ՀԺ»-ի նախնական տեղեկությունների համաձայն, Գյումրու ծայրամասային` «Գծի հետեւ» կոչվող թաղամասում իրար վրա են կրակել մի խումբ երիտասարդներ: Դեպքը, ըստ տարածված լուրերի, տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի նախընտրական հանդիպումից հետո, որը կազմակերպել են այդ թաղամասի թաղային հեղինակություն հանդիսացող մի խումբ երիտասարդներ, որոնք ոչ միայն կազմակերպել են հանդիպումը, նաեւ մասնակցել են ու հայտարարել, որ պատրաստ են զորակցել եւ սատարել քաղաքապետի թեկնածու Բալասանյանին: Ըստ քաղաքում պտտվող լուրերի, այդ երիտասարդները նախկինում սերտ կապերի մեջ են եղել ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ: Խոսվում է նաեւ, որ քաղաքապետի որդին, որը Ռուսաստանի Դաշնությունից օրերս է վերադարձել Հայաստան, իր մտերիմների հետ «Գծի հետեւ է» եկել այդ տղաների հետ «հաշիվ մաքրելու» նպատակով:
Իսկ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից էլ փոխանցել էին, որ Գյումրիում հնչած կրակոցների հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ միջադեպի մասնակիցներին ոստիկանության աշխատակիցները փնտրում են: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նույնպես չի հերքել, որ միջադեպին մասնակցել է նաեւ Սպարտակ Ղուկասյանը: Ըստ նրա` միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ մանրամասները ճշտվում են: «Այլ բան ասել չեմ կարող, տարվում է նախաքննություն, եւ դեռ ճշտվում են, թե ովքեր են դեպքի իրական մասնակիցները»,- ասել է Աշոտ Ահարոնյանը:


























