Հայաստանի պաշպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 28-29-ին այցելել է հարավարեւմտյան սահմանային զորամասեր, տեղում ծանոթացել իրականացված շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը եւ բարոյահոգեբանական վիճակին, կատարված շինարարական աշխատանքներին, ստուգել է պաշտպանական եւ ինժեներական կառույցների հուսալիությունը: Սեյրան Օհանյանը մի շարք սպաների պարգեւատրել է թանկարժեք նվերներով, իսկ զինծառայողներին` որպես խրախուսանք, տրամադրել արձակուրդներ:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերն այսօր ապահովում են մեր երկրի անվտանգությունը եւ ինքնուրույն կատարում առաջադրված բոլոր խնդիրները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ նշել է նաեւ, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել` կապված զինվորների ֆիզիկական եւ հոգեւոր պաշտպանվածության հետ, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները, նշանակալի ձեռքբերումներ կան նաեւ օրինականության հաստատման առումով։ Իսկ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում բարելավվել են զորանոցների կենցաղային եւ սանիտարահիգիենիկ պայմանները:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը որոշակի հանձնարարականներ է տվել՝ ընթացող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար: