Վերջին շրջանում ռուսական, արեւմտյան ու ադրբեջանական մամուլում հրապարակումներ կան, այսպես կոչված, «թերթաքարային հեղափոխության» մասին: Խոսք է գնում թերթաքարային գազի արդյունահանման կտրուկ աճի մասին: Այս գազի ինքնարժեքը մոտ 4 անգամ պակաս է «դասական» բնական գազի ինքնարժեքից: Ռուսաստանի տնեսական զարգացման նախարարության տվյալներով` ԱՄՆ-ը 2016 թ. կավարտի թերթաքարային գազի արտահանման համար անհրաժեշտ հզորությունների շինարարությունը, ինչից հետո Եվրոպան էժան գազ կստանա; Այսպես, ըստ նախնական հաշվարկների, թերթաքարային գազը կմատակարարվի 1000 խոր. մետրը 110 դոլարով, այնինչ «Գազպրոմը» ներկայում Եվրոպային գազ է մատակարարում 400 դոլարից բարձր գնով:
Նշենք, որ թերթաքարային գազի արդյունահանման շնորհիվ ԱՄՆ-ը ներկայում 100 %-ով ապահովում է գազի իր պահանջարկը, ու գազի արդյունահանման ծավալներով առաջ է անցել Ռուսաստանից: Ենթադրվում է, որ թերթաքարային գազի խոշոր պաշարներ կան նաեւ Չինաստանում, եւ Հյուսիսային Եվրոպայում: Այս ամենը խիստ անհանգստացրել է նաաեւ Ադրբեջանին: Ըստ այդ երկրի նավթային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Իլհամ Շաբանի հայտարարության` ադրբեջանական գազը 3-4 տարուց կէժանանա առնվազն 30-35%-ով, այստեղից բխող բոլոր հետեւանքներով: Խնդիրը նաեւ նրանում է, որ ադրբեջանական գազը լավագույն դեպքում Եվրոպա կարող է հասնել 2018 թ., երբ «թերթաքարային հեղափոխությունն» արդեն տեղի ունեցած կլինի: Նախնական գնահատականներով` ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար անհրաժեշտ է 45 մլրդ դոլար, որից միայն 25 մլրդ դոլար` «Շահ Դենիզ» հանքավայրի յուրացման համար: Եթե գազը իսկապես էլ էժանանա 2016 թ. հետո, ապա այդ ներդրումների վերադարձն ապահովել չի լինի:
Նշենք, որ թերթաքարային գազի որոնման աշխատանքներ կատարվել են նաեւ Հայաստանում: Դեռեւս 2011 թ. հունիսին Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովիսյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, ըստ որի` ամերիկյան կողմը ֆինանսավորելու է Հայաստանում թերթաքարային գազի որոնման աշխատանքները: Իսկ որոշ ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության եւ International Minerals and Mines (IMM) միջեւ կնքվեց հուշագիր, որով վերջինս պետք է աշխատանքներ անցկացնի Հայաստանում թերթաքարային գազի հայտնաբերման եւ գնահատման ուղղությամբ։ Առայժմ այդ աշխատանքների արդյունքների մասին տեղեկություններ չկան: Սակայն առանց այդ էլ գազի միջազգային գների անկումը Հայաստանի համար դրական հետեւանքներ կունենա:
Սամվել Ավագյան



























