24-ամյա  Տիգրան Սիմոնյանը  կուրացնելու աստիճան ծեծի է ենթարկել իր հետ փաստական կապի մեջ գտնվող կնոջը` Մաշային, քանի որ վերջինս հրաժարվել է մասնակցել սկեսուրի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված ճաշկերույթին:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ: Մինչ դատավճռին անցնելը նշենք, որ 24-ամյա  Տիգրանը ունի բարձրագույն կրթություն եւ աշխատում է որպես ոստիկանության օպերլիազոր: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 08.02.2012թ-ին՝ ժամը 18-ի, իսկ այնուհետեւ ժամը 23-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանությունների ընթացքում ծեծել է իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող՝ Ալավերդի քաղաքի բնակչուհի Մաշա Սարգսյանին եւ դիտավորությամբ պատճառել մարմնական վնասվածքներ, որոնք առաջացրել են առողջության կարճատեւ քայքայում: Նախաքննության եւ դատաքննության ընթացքում Տիգրանը իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք է տվել այն մասին, որ թեեւ, իրոք 2012 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 18-ի սահմաններում, մաթեմատիկայի պարապմունքից տուն վերադառնալուց հետո  Մաշան առանձնացել է ննջասենյակում եւ չի մասնակցել մոր  ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված ճաշկերույթին, սակայն ինչպես այդ ժամանակ, այնպես էլ գիշերը նրան ծեծի չի ենթարկել, այլ միայն վիճաբանել է  ու նրան նախատել ճաշկերույթին չմասնակցելու եւ դպրոց չայցելելու համար:

Սակայն դատարանը Տիգրանի տված ցուցմունքն արժանահավատ չի համարել, քանի որ Մաշան դատաքննության ընթացքում նույնաբովանդակ ցուցմունք է տվել այն մասին, որ 2012 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Տիգրանը, ում հետ 2011 թվականի դեկտեմբերի 10-ից գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, ավտոմեքենայով իրեն մաթեմատիկայի պարապմունքի է տարել, իսկ ավարտից հետո միասին գնացել են ավտոմեքենան գազալիցքավորելու: Գազալցակայանում, երբ Տիգրանին հայտնել է, որ մրսում է, վերջինս վերարկուն գցել է իր ուսերին, սակայն ինքը հրաժարվել եւ չի ցանկացել կրել այն՝ պատճառաբանելով, որ վերարկույով գեղեցիկ չի նայվում: Այս հանգամանքից Տիգրանը բորբոքվել եւ տուն վերադառնալու ընթացքում հայհոյել է իրեն, ձեռքով սեղմել կոկորդը: Վիրավորվելով Տիգրանի արարքից՝ տուն վերադառնալուց հետո՝ ժամը 18-ի սահմաններում, առանձնացել է իր ննջասենյակում եւ հրաժարվել է մասնակցել Տիգրանի մոր ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված ճաշկերույթին, որի պատճառով Տիգրանը բորբոքվել եւ շուրջ 3 րոպե ննջասենյակում ծեծի է ենթարկել իրեն: Ճաշկերույթի ավարտից հետո՝ ժամը 23-ի սահմաններում, Տիգրանը վերադարձել է ննջասենյակ, պառկել եւ ցանկացել է գրկել իրեն, սակայն կանխել է նրան ու պահանջել է չհպվել իրեն: Այդ պատճառով Տիգրանը դարձյալ բորբոքվել ու կրկին սկսել է ձեռքերով հարվածել իր դեմքին, մարմնի մյուս հատվածներին եւ պատճառել մարմնական վնասվածքներ: Տիգրանը ծեծը դադարեցրել է միայն այն ժամանակ, երբ նրան հայտնել է, որ վատ է զգում եւ չի տեսնում:

Հաջորդ օրը Մաշային այցելել  է հորաքույրը եւ տեսնելով դեմքի արյունազեղումները ու տեղեկանալով, որ վնասվածքները ստացել է Տիգրանի կողմից ծեծի ենթարկվելու պատճառով, կանչել է հորեղբոր որդուն, որից հետո նրանց հետ հեռացել է Տիգրանենց  տանից: Ավելի ուշ Մաշան ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին եւ հայտարարություն տվել Տիգրանի կողմից ծեծի ենթարկվելու եւ դրա հետեւանքով մարմնական վնասվածքներ ստանալու մասին: Ի դեպ, հորաքույրը, երբ նախատել է Մաշայի սկեսուրին, վերջինս արդարացրել է որդուն ասելով, թե  ծեծի ենթարկելով  որդին դաստիարակել է Մաշային՝ հակաճառելու եւ պատասխան տալու համար:

Քննելով գործը Լոռու մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանը վճռել է մեղավոր ճանաչել Տիգրանին ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով եւ դատապարտել տուգանքի  100 հազար դրամի չափով: Իսկ խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնել անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: 

Հ.Գ Գործում ներգրավված տուժողի եւ մեղադրյալի անուն ազգանունները փոխված են: