Թբիլիսիի քաղաքային դատարանը հունվարի 11-ին վճիռ է կայացրել Մուխրովանիի ռազմական բազայում բարձացված խռովության գործով։

«GHN»-ի հաղորդմամբ ազատազրկման են դատապարտվել ըմբոստության երեք զինված մասնակիցները։ 25 տարով ազատազրկվել է գումարտակի նախկին հրամանատար Լեւան Ամիրիձեն, 29 տարով՝ Կոբա Օտանաձեն եւ 19 տարվա բանտարկության է դատապարտվել զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար Շոթա Գորգիաշվիլին։

Բոլոր երեքն էլ մեղադրվում են պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով խռովություն բարձրացնելու մեջ։ Մեղադրվողներից ոչ մեկը չի ընդունել իր մեղքը։

Հատկանշական է, որ Թբիլիսիի դատարանը արդարացրել է գլխավոր կասկածյալներից մեկին՝ Կոբա Կոբալաձեին, ում պահանջում էին դատապարտել 13 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ Մուխրովանիի ռազմակայանում զինված ըմբոստությունը տեղի էր ունեցել 2009 թվականի մայիս 5-ին։ Ռազմակայանի հրամանատարությունն իր անհնազանդությունն էր հայտնել իշխանություններին, սակայն ըմբոստությունը շատ շուտ ճնշվել էր։ Պաշտոնական վարկածով, խռովությունը ռազմակայանում եղել է ռուսական կողմի հետ համաձայնեցված։ Սպաների մի խումբ ծրագրել էին Թբիլիսի մտցնել զորքեր, որպեսզի իրականացնեն պետական հեղաշրջում։