Լոռիի մարզում մի շարք ճանապարհներ դեռեւս համարվում են երթեւեկության համար վտանգավոր ինչպես ճանապարհի նեղ լինելու, այնպես էլ հենապատերի բացակակայության, ճանապարհի վրա կախված ժայռաբեկորների ու այլ նպաստավոր գործոնների առկայության պատճառով: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ` մարզն ունենալով լեռնային ու ոլորապտույտ ճանապարհներ, լուրջ խնդիրներ է ստեղծում հատկապես մարզ առաջին անգամ այցելողների համար, ու եթե սրան էլ գումարվի ճանապարհային երթեւեկության նշանների բացակայությունը, լոռեցիների փոխանցմամբ վթարներն անխուսափելի կլինեն:
Մարզի տարածքում ընթացիկ տարում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներին NEWS.am-ը կանդրադառնա առաջիկայում, սակայն հարկ է նշել, որ առավել վտանգավոր ճանապարհներից են M-4 միջպետական ճանապարհի Երեւան-Սպիտակ 97-րդ կմ-ը, որտեղ բացակայում են հենապատերը, իսկ ներքեւում հարակից ձորակ կա, որտեղ միայն այս տարի մեր տեղեկություններով 3 մեքենա է հայտնվել: Վտանգավորների շարքում է նաեւ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի՝ Լերմոնտովո գյուղի հատվածը, այստեղ խնդիրը ճանապարհի կտրուկ շրջադարձն է, ճանապարհի առավել վտանգավոր հատվածը չունի հենապատ, ու մեքենաները դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից, ընկնում են հարակից ձորակը: Նշված <փոսում> տեղի ունեցած պատահարների մեծ մասը ավարտվում են ողբերգությամբ: Նույն այդ Վանաձոր- Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի համար մեկ խնդիրը նեղ ու ոլորապտույտ ճանապարհներն, որտեղ ամիսը մի քանի անգամ քարաթափումներ են գրանցվում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանը նշեց, որ իրենք առաջարկ-գրություններ են ուղարկել համապատասխան մարմիններին խնդրի վերաբերյալ:
NEWS.am-ի Լոռիի թղթակիցը առաջիկայում մանրամասն կներկայացնի Վանաձոր քաղաքում բացակայող ճանապարհային երթեւեկության նշանների, քաղաքապետարանի որոշ այլ կառույցների անբարեխիղճ պաշտոնյաների անգործության հետեւանքով տեղի ունեցած վթարների մանրամասները, որոնք կարող էին եւ չլինել, եթե պատկան մարմինները ժամանակին տեղադրեին նշանները եւ հետամուտ լինեին նրանց պահպանմանը:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի


























