Ազերի դատապարտյալին Ադրբեջան փոխանցելու արդյունքում նրան անհապաղ ազատ արձակելու եւ, ըստ էության, արդարացնելու ողջ գործընթացը փոխկապակցվում է ոչ միայն Ադրբեջանի, այլ Հունգարիայի կողմից միջազգային իրավախախտումների հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» Հ/Կ խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:

«Ինչեւէ, Հունգարական իրավասու պետական մարմինները, մասնավորապես հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությունը պաշտոնապես հայտարարում են, որ միջազգային իրավախախտում տեղի է ունեցել միայն Ադրբեջանի կողմից, ինչն արտահայտվել է իրենց խաբելու եղանակով: Որպես ապացույց իրենց դիրքորոշման, հրապարակել են Ադրբեջանի արդարադատության նախարարության միջնորդությունը, որով այդ երկիրը պարտավորվել է «Դատապարտյալների փոխացման մասին» Ստրասբուրգյան կոնվենցիայի հիմնադրույթներին համապատասխան, ապահովել դատապարտյալի պատժի կրումը Ադրբեջանում` Հունգարիայում կայացված դատավճռին համապատասխան: Միաժամանակ, տրվել է միանշանակ պարզաբանում այն մասին, որ ներում կամ համաներում կարող է կիրառվել պատիժը առնվազն 25 տարի կրելուց հետո»,- նշել է Դանիելյանը:

Վերջինիս խոսքով, ներկա պահին առնվազն այս փաստերի առկայության պարագայում Հունգարիան համարվում է տուժող պետություն, ինչն էլ հիմք է, որպեսզի վերջինս նախաձեռնի միջազգային պատասխանատվության միջոցներ կիրառելու գործընթաց: «Առայժմ, Հունգարիան նախապատվությունը տվել է Ադրբեջանին նոտա ներկայացնելուն, ինչը միջազգային իրավունքի լեզվով նշանակում է, որ Հունգարիան անվերապահորեն Ադրբեջանի գործողությունները (պետության պատասխանատվության համար իրավական որեւէ նշանակություն չունի, թե որ պետական մարմինն է իրավախախտում թույլ տվել) որակում է որպես միջազգային իրավախախտում եւ այդ հիմքով կիրառում է ռետորսիա. այս պատասխանատվության տեսակն ունի նաեւ այլ դրսեւորումներ` դեսպանին հետ կանչելը, այցերի կասեցումը կամ վերացումը եւ այլն: Ի դեպ, ռետորսիայի միջոց է նաեւ դիվանագիտական կապերի կասեցումը, ինչը կիրառվեց Հայաստանի կողմից Հունգարիայի նկատմամբ»,- արձանագրել է Դանիելյանը:

«Միջազգային իրավախախտման համար պետությունների քաղաքական պատասխանատվության տեսակ է նաեւ միջազգային կազմակերպությանն (օրինակ` Եվրոպական խորհրդի) անդամակցությունից բխող իրավունքների ու արտոնությունների կասեցումը, կառավարման մարմիններում ներկայացուցչության իրավունքից զրկելը, ընդհուպ` միջազգային կազմակերպությունից հեռացնելը: Ընդ որում, Եվրոպական խորհրդի Կոնանադրության համաձայն, դրա սկզբունքների ու հիմնադրույթների կոպիտ խախտման դեպքում հեռացման առաջարկությամբ կարող է հանդես գալ Նախարարների կոմիտեն, իսկ առաջարկությունը չկատարելու դեպքում, հեռացումն իրականացվում է նշված կոմիտեի որոշմամբ»,- ասել է արդարադատության նախկին նախարարն ու հավելել. «Տրամաբանական է, որ ի պատասխան հիշյալ նոտայի, Ադրբեջանը կփորձի հերքել նշված կոնվենցիայի խախտումների փաստը, իսկ դա նշանակում է, որ Հունգարիայի կողմից իր դիրքորոշմանը հավատարիմն մնալու եւ հետեւողական լինելու պարագայում այդ երկու երկրների միջեւ ծագելու է միջազգային վեջ, որի լուծման համար նախատեսված են այնպիսի եղանակներ, ինչպիսիք են` անմիջական բանակցությունները, խորհրդակցությունները, միջնորդությունները եւ այլն»:

Նա նշել է, որ այդ բնույթի վեճը կարող է դառնալ երկու կողմերի համաձայնության վրա հիմնված միջազգային արբիտրաժի քննության առարկա, ինչը չի բացառում, որպեսզի հիշյալ վեճը քննվի միջազգային դատական ատյանում: «Տվյալ դեպքում վեճի բնույթն այնպիսին է (նկատի ունենք նաեւ այն, որ այս դատարանում քննվող գործերով կողմեր կարող են լինել միայն պետությունները), որ այն կարող է դառնալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի (նստավայրը` Հաագա) քննության առարկա: Այս դատարանի որոշումները պարտադիր են կողմերի համար եւ բողոքարկման ենթակա չեն: Միաժամանակ, այս դատարանը գործում է կամընտրային իրավասության սկզբունքով, ինչը նշանակում է, որ կողմերի միջեւ առկա վեճը կարող է փոխանցվել այդ դատարան միայն կողմերի համաձայնությամբ»,- արձանագրել է Դանիելյանը:

«Միաժամանակ, պետությունների միջեւ հիշյալ միջազգային վեճը (որը կարող է անհարկի տեւական ու անհամարժեք լինել) չի բացառում իր քայերի իրավաչության մեջ համոզված Հունգարիայի կողմից հետեւյալ քայլերը ձեռնարկելը: Վերը նշված նոտայի քննարկման արդյունքներով Ադրբեջանի կողմից ակնհայտ անհիմն որոշումները չվերացնելու դեպքում, Հունգարիայի դատախազությունն իրավասու է հարուցելու քրեական հետապնդում` այդ երկրի արդարադատության շահերի դեմ ուղղված հանցագործության փաստի առթիվ:

Ինչ վերաբերում է նշված գործով տուժող Հայկ Մակուչյանին ու Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդին, ապա վերջիններս կարող են Հունգարիայի վարչական մարմնի ոչ իրավաչափ վարչական ակտը, իսկ բավարարում չստանալու դեպքում` դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանզի տվյալ դեպքում խոսքը Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` արդար դատաքննության իրավունքի խախտման մասին է (իսկ դատական ակտի կատարումը համարվում է այդ իրավունքի բաղադրատարր): Նույն անձինք կարող են Ադրբեջանին պատասխանատվության կանչելու վերաբերյալ դիմում ներկայացնել նաեւ անմիջապես ՄԻԵԴ, քանի որ դե ֆակտո նրանք զրկված են Ադրբեջանի որեւէ դատական ատյանում այդ երկրի նախագահի վարչական ակտը վիճարկելու իրական հնարավորությունից»,- ամփոփել է Գեւորգ Դանիելյանը: