Հունվարի 19-ից հետո Ռուսաստանը կդադարեցնի ԱՄՆ-ից թռչնամսի ներմուծումը, քանի ամերիկյան կողմի հետ չեն ավարտվել սանիտարական նորմերի պահպանման վերաբերյալ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը՝ թռչնաբուծության զարգացման վերաբերյալ խորհրդակցության ավարտին:

Ընդ որում, նա նշել է, որ կարող է որոշում ընդունվել իրացնել այն միսը, որ ներկրվել է մինչեւ հունվարի 1-ը կամ եթե մինչեւ հունվարի 19-ը անցնի մաքսային ստուգումը, հաղորդում «Ինտերֆաքսը»:

Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, երկիրը պատրաստ է փնտրել թռչնամսի նոր առաքիչների, եթե ներկայիս առաքիչները «չեն ցանկանա կամ ի վիճակի չեն լինի» կատարել անվտանոգության պահանջները:

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով, ամերիկյան հավի մսի փոխարեն շուկայում կարող են հայտնվել բրազիլական հավերը, որի բաժինը ռուսական շուկայում կազմում է այդ ապրանքատեսակի 5-րդ մասը:

Ինչպես գրում է «Կոմերսանտը», Ռուսաստանի կառավարությունը պատրաստ է գործարքի գնալ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ՝ «Բուշի տոտիկները» ռուսաստանյան շուկայում վաճառելու վերաբերյալ: «Հավերի հարցը» կարող է օգտագործվել, որ ակտիվացվեն ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության բանակցությունները: