Շիրակի մարզում գտնվող «Միլենա» ռեստորանում 27-ամյա  Հ.Մ-ն վիճաբանել է մատուցողուհու հետ եւ դատարկ շիշը շպրտել իրեն դիտողություն անող եւ հասարակական կարգը պահպանող ոստիկանների ուղղությամբ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ: 

Հ. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հուլիսի 25-ին,ժամը 23.10-ի սահմաններում Արթիկ քաղաքի «Միլենա» ռեստորանում,գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում,վիճաբանել է մատուցողուհի Հ.Ա-ի հետ,փողոցում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանները դիտողություն են արել եւ պահանջել են դադարեցնել վիճաբանությունը: Սակայն Հ.Մ-ը չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին,բռնություն է գործադրել նրանցից Կ.Ս-ի նկատմամբ, հարվածել, քաշքշել, դատարկ շիշը շպրտել նրանց ուղղությամբ: Հ. Մ-ի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի  չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:    Նրա նկատմամբ ներկա պահին որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: