Այսօր՝ սեպտեմբերի 29-ին հրդեհի մի քանի դեպք է գրանցվել Լոռիի մարզի անտառածածկ տարածքներում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ԱԻՆ մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետում հրդեհի առաջին ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 09:38-ին՝ Վանաձոր քաղաքում գտնվող «Սուլեյման» կոչվող անտառում բռնկված հրդեհի վերաբերյալ:

Դեպքի վայր են մեկնել Վանաձոր 2-րդ հրշեջփրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ շուրջ 15 հրշեջներով, հրդեհաշիջմանը մասնակցում են  նաեւ անտառտնտեսության աշխատակիցները, սակայն նշված հադամասում հրդեհը մարելուց կարճ ժամանակ անց հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել, որը մինչ այս պահը դեռեւս չի մարվել:  Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Արթուր Չատինյանը, ով հրդեհի վերաբերյալ նոր մանրամասներ խոստացավ հաղորդել որոշ ժամանակ անց:

Հրդեհի երկրորդ դեպքը գրանցվել է 10:49-ին՝ Լոռիի մարզի Վանաձոր-Ալավերդի ատոճանապարհի 2-րդ կմ-ի հարակից անտառներում, որտեղ այրվել են թփուտներ եւ չոր խոտածածկ տարածքներ: Բարեբախտաբար, հրշեջներին հաջողվել է մարել կրակը:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի