Ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին «Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը հրավիրում է բոլորին Ազգային ժողովի մոտ՝ մասնակցելու ակցիայի: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին «Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունից: Երկուշաբթի ժամը 12-ին Ազգային ժողովը պետք է քննարկի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին հարցը: Գործը վերաբերում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը:Ակցիային իր Ֆեյսբուքի էջում անդրադարձել է նաեւ Վարդան Օսկանյանը:

«Այդ օրը խորհրդարանում քննարկվելու է ինձ` պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, սակայն խոսքը միայն իմ անձեռնմխելիության մասին չէ. այսպիսով վտանգվում է խոսքի ազատության անձեռնմխելիությունը, ուստի եւ վերաբերում է մեր ամբողջ հասարակությանը: Սա ոչ թե իմ գաղափարների եւ սկզբունքների մասին է, այլեւ բոլորիս համոզմունք ունենալու եւ այն արտահայտելու իրավունքի մասին է»,- գրել է Վարդան Օսկանյանը: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը նշել է նաեւ, որ երբ «Սիվիլիթասի» եւ «ՍիվիլՆեթի» աշխատակիցները հայտնել են, որ ուզում են երկուշաբթի օրը, ժամը 11:00-ից հավաքվել խորհրդարանի առաջ իրենց բողոքը հայտնելու` կապված դատախազի միջնորդագրի հետ, բազմաթիվ զանգեր է ստացել, եւ շատերն էլ մոտեցել են իրեն` հայտնելու իրենց աջակցությունը ու պատրաստակամությունը միանալու Սիվիլիթասի աշխատակիցներին: «Իմ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցանկացած քննադատություն իշխանությունների որդեգրած քաղաքական գործունեության եւ Հայաստանում առկա թերությունների մասին միշտ անհանգստություն եւ լարվածություն է պատճառել իշխանության ներկայացուցիչներին»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը եւ ավելացրել, որ ԱԱԾ-ի եւ դատախազի այս գործողություններն էլ դրա վառ ապացույցն են: Վարդան Օսկանյանը նշել է, որ պայքարել ու պայքարելու է արդարության համար: Ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, որոնք կուղեկցեն իրեն արդարության հաստատման ճանապարհին: «Ես մասնավորապես գնահատում եմ այն մարդկանց, որոնք բացահայտորեն ասել են, որ աջակցում են ինձ ոչ թե իմ համար, այլ ցանկացած քաղաքացու գաղափարներ եւ սկզբունքներ ունենալու եւ դրանք արտահայտելու իրավունքի համար, օրենքի համար»,-ավելացրել է Վարդան Օսկանյանը: