Ցավոք, մենք նույնպես, աշխարհի մեր անկյունում, ականատեսն ենք եղել անհանդուրժողականության ու ատելության: Տարեց-տարի Հայաստանն իր մտահոգություններն է բարձրաձայնել այս ամբիոնից ռազմատենչ հռետորաբանության, միջազգային հանձնառությունների կոպտագույն ոտնահարման ու հակահայկական հիստերիայի մասին, որը պատվաստվում է ադրբեջանական հասրակության մեջ իր ղեկավարության ամենաբարձր մակարդակներից: Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, մարդու իրավունքներով զբաղվող շատ միջազգային կազմակերպություններ իրենց ահազանգն են հնչեցրել Ադրբեջանում այլատյացության, ռասիզմի, անհանդուրժողականության ու մարդու իրավունքների ոտնահարումների աղաղակող դեպքերի մասին, զգուշացրել են հայերի հանդեպ ատելության քաղաքականության մասին:
«Եվ ի՞նչ է Ադրբեջանի արձագանքը: Այն ոչ միայն արհամարհում է միջազգային հանրության սպասելիքները, այլեւ մշտապես նորանոր քայլեր է ձեռնարկում, որոնք քաղաքակիրթ աշխարհի արժեքներին դեմ են: Վերջին նման դեպքը Ադրբեջանի կառավարության կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումն էր, մարդ, ով Բուդապեշտում կայացած ՆԱՏՕ-ի ծրագրի ժամանակ քնի մեջ հայ սպա էր կացնահարել, պարզապես որովհետեւ նա հայ էր: Ադրբեջանի ղեկավարությունը նրան ազգային հպարտության խորհրդանիշ է դարձրել եւ օրինակ, որն հետեւելու է երիտասարդությունը»,- նշել է Նալբանդյանն ու հավելել. «Աշխարհի արձագանքը միաբերան էր եւ շատ պարզ` դատապարտելով այն, ինչ կատարվեց Բաքվի կողմից: Ադրբեջանն իր զարմանքն է արտահայտում միջազգային հանրության կեցվածքի կապակցությամբ: Եվ ինչ էին նրանք ակնկալում: Որ միջազգային հանրությունը կծափահարի՞ սարսափելի մարդասպանի հերոսացմանը: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ձեւացնել, թե այս քայլը համապատասխանում է ոչ միայն Ադրբեջանի սահմանադրությանն ու օրենսդրությանը, այլեւ միջազգային օրենքների եւ համապատասխան եվրոպական կոնվենցիայի նորմերին ու սկզբունքներին: Այդ երկրի ղեկավարությունը պնդում է, թե այն, ինչ արվել է, շատ լավ է: Տխուր է, որ մի երկրի սահմանադրություն ու օրենսդրություն կարող է թույլ տալ մարդասպանի հերոսացում եւ աշխատավարձի վճարում այն բոլոր տարիների համար, որ վայրագ մարդասպանն անց է կացրել բանտում»:
Նալբանդյանը հիշեցրել է, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը զգուշացրել է, որ «նման մարդու հերոսացումն ու պարգեւատրումը դեմ է գնում մարդու իրավունքների պաշտպանության ու օրենքի գերկայության բոլոր ընդունված չափանիշներին»: «Եվրոպական խորհրդարանի նախագահն ու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը զգուշացրել են, որ ի չարս է գործադրվել եվրոպական իրավական փաստաթուղթը : Մարդու իրավուքնների հարցերում ՄԱԿ-ի բարձր հանձնակատարը նշել է, որ «այս լրջության էթնիկական մղումներով ատելության հանցագործությունը պետք է դատապարտվի եւ ըստ պատշաճի պատժվի, ոչ թե հասարակավ հերոսացվի»,- ասել է Նալբանդյանը:
«Շատ պարզ է, որ միջազգային իրավական սկզբունքների ու օրենքների մասին տարբերվող պատկերացումներ կան, տարբերվող պատկերացումներ Ադրբեջանում եւ աշխարհի մյուս մասերում, թե ինչն է լավ, եւ ինչը` վատ: Սա խորապես անպատասխանատու եւ ամոթալի վարքագիծ է ոչ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի համար, այլեւ ՄԱԿ-ի անդամի համար:
Հստակ է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական ղեկավարության ջանքերը` հարմարեցնելու միջազգային իրավունքը սեփական ռասիստական գաղափարախոսությանը: Ներքին հարուստ կոռուպցիոն փորձ ունենալով` Բաքուն փորձում է այն տեղափոխել միջպետական հարաբերությունների հարթություն` օգտագործելով այն որպես գործիք` սեփական թյուրընկալումներն ուրիշների վրա բարդելու համար: ՄԻջազգային հանրությունը չի կարող հանդուրժել Ադրբեջանի փորձերը` փոխարինելու օրենքի գերակայությունը նավթի գերակայությամբ»,- ընդգծել է ԱԳ նախարարը:
Նալբանդյանը նշել է, թե Սաֆարովի սկանդալային գործը լուրջ հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին եւ վտանգել տարածաշրջանային փխրուն անվտանգությունն ու կայունությունը:
«Ադրբեջանը տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար վտանգ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ ուժ գործադրելու իր մշտական սպառնալիքներով, որոնք զուգորդվում են իր ղեկավարության ամենօրյա ռազմատենչությամբ, ոչ միայն մերժելով երեք համանախագահ երկրների առաջարկները` զինադադրի ռեժիմն ամրապնդելու, շփման գծում դեպքերի ուսումնասիրման համար հետաքննական մեխանիզմ հաստատելու վերաբերյալ, այլեւ զինադադարի կանոնավոր խախտումներով ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում, այլեւ Հայաստանի հետ սահմանին սադրանքներ հրահրելով, հայկական պատմական ու մշակութային արժեքների հանդեպ անդադար բարբարոսություններ իրականացնելով»,- ասել է Նալբանդյանը:
Նա նաեւ նկատել է, թե մինչ Հայաստանը, միջազգային միջնորդների հետ մեկտեղ, ջանքեր է գործադրում բանակցային սեղանի շուրջ, Ադրբեջանը բազմապատկում է իր ռազմական բյուջեն` վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի, քան քսանապատիկ, եւ պարծենում է դրանով: «Մինչ Հայաստանը եւ միջազգային հանրությունը կոչ են անում դիպուկահարներին հեռացնել շփման գծից, Ադրբեջանի ղեկավարությունը մերժում է այն եւ դիպուկահարների դպրոց բացում երիտասարդների համար: Մինչ Հայաստանը կոչ է անում տարածաշրջանային համագործակցության, որը կարող է կողմերի միջեւ վստահության ամրապնդման գործիք դառնալ. ադրբեջանական իշխանությունները հայտարարում են, որ Թուրքիայի հետ նրանք կշարունակեն շրջափակումը մինչեւ Հայաստանում ոչ մի հայ չմնա»,- ասել է նա:
«Հայաստանը եւ միջազգային հանրությունը մեկ լեզվով են խոսում Լեռնային Ղարաբաղի հարցի առումով: Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ փաստաթղթերը, որ ընդունվել են ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին 2010թ.-ին եւ նախարարական համաժողովներին Հելսինկիում` 2008թ.-ին, Աթենքում` 2009թ.-ին, Ալմաթիում` 2010թ.-ին, Վիլնյուսում` 2011թ.-ին, համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները Մեծ ութնյակի գագաթաժողովներին ԼԱքիլայում` 2009թ.-ին, Մուսկոկայում` 2010թ.-ին, Դովիլում` 2011թ.-ին եւ Մեծ քսանի երկրների գագաթաժողովին Լոս Կաբոսում` 2012թ.-ին, դրա վկայություններն են: Հայաստանի դիրքորոշումը համահունչ է այս փաստաթղթերին, համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը` կարգավորման հասնելու դրա հիման վրա:
Չնայած երեք համանախագահ երկրների ակտիվ ջանքերին, անհնարին է եղել հակամարտության լուծման առումով բեկման հասնելու, քանի որ ադրբեջանական կողմը մեկը մյուսի հետեւից մերժել է միջնորդների կողմից ներկայացված բոլոր առաջարկները:
Անկախ Ադրբեջանի ապակառուցողական պահվածքից, Հայաստանը կշարունակի ջանքեր գործադրել Ղարաբաղի հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման ուղղությամբ` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի նպատակների, սկզբունքների ու նորմերի վրա»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:





























