Հայաստանի հանրապետական կուսակցությունը առանձնակի ակնկալիքներ չունի շաբաթվա վերջին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից: Այդ մասին հունվարի 18-ին լրագրողներին հայտնել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Չեմ կարծում, որ որեւէ հռչակագիր լինի, որտեղ էական փոփոխություններ կարող են արձանագրվել: Ադրբեջանական ապակառուցողական դիրքորոշումը, ցավոք սրտի, որեւէ հույս չի թողնում կարծելու, որ առաջիկայում առաջընթաց կլինի»,- նշեց Մինասյանը:

Անդրադառնալով այսօր՝ հունվարի 18-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիրտի Մեդվեդեւի հանդիպմանը, Գագիկ Մինասյանը նկատեց. «Բացի ռազմավարական գործընկերների սովորական հանդիպումից, կարծում եմ՝ առանձին քննարկման առարկա պետք է դառնա ղարաբաղյան հակամարտությունը, եւ երկու կողմերի՝ իրար տեսակետներին ծանոթանալն ու իրար մոտեցնելը: Անհրաժեշտ է, որ երկու կողմերը իմանան իրար տեսակետները, որ եռակողմ հանդիպմանը անակնկալներ չլինեն»: