Դաշնակցականները խորհրդարանի նիստի ավարտից հետո չնախատեսված մի նիստ էլ անցկացրել են հին ընկերներից մեկի առանձնատանը:  Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Դարակազմիկ դաշնակցականները բուռն քննարկում են անցկացրել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ սկսված արշավի հետ կապված ու տեսակետներ հնչեցրել, որ այս քայլով իշխանությունները հարվածի տակ են դնում իրենց միջազգային վարկն ու հեղինակությունը:

Ինչպես նաեւ ՀՀ քաղաքական գործընթացների մեջ փորձում են որպես «քավության նոխազներ» ընտրել առավել բարեկիրթ ու ցիվիլ տեսակների` կարծելով, թե իրենց գծած անազնիվ խաղադաշտում հնարավոր է նրանք ավելի շատ սխալներ թույլ տան, ինչը իշխանություններին թույլ կտա ընդլայնվելու եւ զույգ քայլերով առաջ գնալու համար:

Վարդան Օսկանյանի դեմ հայտարարված «պատերազմը» դատապարտելով հանդերձ` հին ընկերները իրենց գործարար հատվածին ապահովության համար «հանձնարարել» են այս օրերին Վարդան Օսկանյանի թեմայով հնարավորինս քիչ մասնավոր զրույցների բռնվել այլ քաղաքական թիմերի պատգամավորների, այդ թվում` նաեւ իրենց մտերիմ շրջապատի հետ: Քանի որ, ըստ հին ընկերների, այս օրերին իրենց «բինոկլով» են նայում»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։