Ադրբեջանում չի արձանագրվել H1N1 (խոզի գրիպ) վիրուսով վարակվելու և ոչ մի դեպք, սակայն վիրուսը, ինչպես հայտարարում են փորձագետները, արդեն գտնվում է երկրի մատույցներում, հաղորդում է ադրբեջանական «Էխո»-ն։ Ըստ Ադրբեջանի Առողջապահության նախարարության սանիտարա-համաճարակաբանական վերահսկողության պետ Վիկտոր Ղասումովի, ներկա դրությամբ երկրում H1N1 վիրուսով վարակվելու վտանգը փոքր չէ. «Մարդը կարող է ժամանել Ադրբեջան, ասենք, 10 օրով կամ մեկ ամսով, և իր հետ բերի վարակը։ Նա կարող է երկիր ժամանել հիվանդության գաղտնի շրջանում։

Այսինքն, լիովին ապահովագրվել մենք չենք կարող»։ Նա անհանգստացած է այն բանով, որ հարևան երկրներում՝ Ռուսաստանում ու Վրաստանում, արդեն գրանցվել են խոզի գրիպով վարակվելու առաջին դեպքերը, և դրանք բոլորը «ներկրված են»։Միաժամանակ Ղասումովը նշել է, որ երկիրը չի պատրաստվում փակել սահմանները. «Սահմանները փակելով մենք չենք կարող մեզ վնասազերծել։ Այն, որ այդ վիրուսն արդեն արձանագրվել է Վրաստանում և Ռուսաստանում, ոչ մի բանի մասին չի խոսում։ Ի վերջո, մենք այն կարող ենք ստանալ բոլորովին այլ երկրներից , ասենք՝ ԱՄՆ-ից կամ Մեքսիկայից։ Չէ որ Ռուսաստան ու Վրաստան էլ են վարակի դեպքերը „ներկրվել“, այդ պատճառով էլ մենք էլ չենք կարող որևէ երաշխիք ունենալ»։