Թուրքիայում Հանրապետության տոնի կապակցությամբ երթ անցկացնելու մի քանի կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների դիմումների մերժումը թույլ է տալիս ենթադրել, թե ներկայիս Թուրքիան որքան է հեռանում քեմալական արժեքներից:
Իսլամամետ հայացքներով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարության հրահանգով արգելվեց Թուրքիայի Հանրապետության տոնի օրը բացի պաշտոնական արարողակարգից որեւէ այլ միջոցառում իրականացնել՝ պատճառաբանելով, թե հետախուզության տվյալներով՝ Հանրապետության օրվա առթիվ կազմակերպվելիք երթի ժամանակ կա ահաբեկչության վտանգ:
Թեեւ արգելքին, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը, «Աշխատավորական» կուսակցությունը եւ մի շարք ՀԿ-ներ փորձեցին հոկտեմբերի 29-ին իրականացնել երթ, որն ուղեկցվեց ոստիկանության հետ դաժան բախումներով:
Որոշ լրատվամիջոցների աչքից չի վրիպել կադրեր, որտեղ ոստիկանները ծեծում են Թուրքիայի դրոշը պարզել ցանկացող անձանց: Ոստիկանությունը երթ անել ցանկացողների դեմ օգտագործել է ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ: Որոշ տեղեկություններով՝ արցունքաբեր գազից վնասվածք է ստացել նաեւ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:
Այս իրավիճակը մի շարք լրատվամիջոցների մոտ հարցեր է առաջացրել, թե արդյոք Թուրքիան այլ տիրապետության տակ է, որ Հանրապետության օրն արգելում են նշել, իսկ ոմանք հեգնում են՝ ասելով. «Թուրքիայում Հանրապետության օրը նշել ցանկացողներին ծեծում են: Երազանք էր, իրականություն դարձավ»:
Հանրապետության տոնին ընդառաջ Ստամբուլի մի շարք փողոցներում նույնիկս արգելվել է կախել Աթաթուրքի նկարները, որի հետեւանքով քաղաքապետարանի աշխատակիցների եւ ոստիկանության միջեւ վիճաբանություններ են տեղի ունեցել:
Նշենք, որ Թուրքիայի հանրապետության ստեղծման տարեթիվն է՝ 1923-ի հոկտեմբերի 29-ը: Թուրքիայի հանրապետության հիմնադիրն է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, ում հրահանգով վերացվեց խալիֆայությունը եւ սուլթանին ու նրա հարազատներին վտարեց Թուրքիայից:
Արթուր Հակոբյան




























