Թուրքիայի բանտերում հացադուլ հայտարարած քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամներին աջակցության համար Դիարբեքիրում նոյեմբերի 2-ին չարտոնված հանրահավաքին Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը հանդիմանել է ժողովրդի դեմ բռնություններ կիրառող ոստիկաններին։ Բայդեմիրի խոսքերը նրա դեմ հերթական դատական հայցի պատճառ են դարձել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի բանտերում հացադուլ հայտարարած քուրդ բանտարկյալներին աջակցություն հայտնելու համար քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը Դիարբեքիրում հանրահավաք անցկացնելու որոշում էր կայացրել, սակայն Դիարբեքիրի նահանգապետը արգելել էր հանրահավաքը։ Չնայած արգելքին, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն հայտարարել էր, թե քաղաքացիներն իրավունք ունեն իրենց աջակցությունը հայտնեն հացադուլ հայտարարածներին եւ պնդել, որ հանրահավաքը կայանելու է։

Հանրահավաքի համար հավաքվող քաղաքացիներին ցրելու համար ոստիկանությունը կոշտ միջոցների է դիմել՝ օգտագործելով արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ։  Այդ ընթացքում, ժողովրդի դեմ կիրառվող բռնություններից անհանգստացած Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը բղավել է ոստիկանապետերի վրա. «Ստորներ, ֆաշիստներ, Աստված ձեր պատիժը տա»։

Դիարբեքիրի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում են Օսման Բայդեմիր դեմ հետաքննություն սկսելու նպատակահարմարությունը։ Եթե որոշվի բավարարել հայցը եւ հետաքննություն սկսել, դատախազությունը թույլատվության համար պետք է դիմի Ներքին գործերի նախարարություն։