Խորհրդային, իսկ հիմա արդեն նաեւ հայկական ստանդարտով հավկիթը ըստ քաշի է դասակարգվում. 00-ից (մինչեւ 44 գրամ) մինչեւ 03 (73գ եւ ավելի): Հավկիթի գերարատադրության եւ դրա պատճառների մասին արդեն գրվել է: Ֆաբրիկաների միջեւ մրցակցությունն աճում է, իսկ արտադրության ծավալները միմյանց հետ համաձայնեցնելն արգելված է: Ելքը ինքնազոհողությունն է հօգուտ խանութների եւ ձվի սիրահարների: Այսպես, խանութում մնացած ձվերը ետ չվերցնելը հաճախորդի կորուստ է նշանակում: Այստեղ շահեց խանութը, իսկ որտե՞ղ ենք շահում մենք:
Մենք շահում ենք մեր պահանջկոտությամբ, որը արտադրողներին արդեն հասցրել է ձանձրացնել: «Հիմա արդեն ոչ ոք երեք օրվա ձվի վրա չի նայում, եթե կողքին այսօրվա ամսաթվով է դրված: Իսկ եթե մնացել են շաբաթից ավելի, նրանց վրա արդեն ոչ ոք չի նայում: Եւ ի՞նչ պետք է մենք անենք»,-մեզ հետ զրույցում ասաց արտադրողներից մեկը: Պետք է հանուն արդարության նշել, որ թե խորհրդային, թե միջազգային պրակտիկայում մինչեւ 7 օրվա ձուն բացարձակ թարմ է համարվում` նորմալ ջերմաստիճանով պահպանելու դեպքում: 8-ից մինչեւ 25-րդ օրը ձուն դառնում է սովորական: Նրա իրացման ժամկետը 21 օր է, պիտանիության ժամկետը` 28 օր: Այսինքն, երեք շաբաթից հետո ձուն այլեւս չի կարելի վաճառվել, բայց եւս մեկ շաբաթ հնարավոր է պահել սառնարանում: Սակայն 10 օրվա ձու մենք արդեն չենք գնում:
Իսկ ի՞նչ ենք մենք շահում. արդեն մնացած հավկիթները վաճառելու համար` խոշոր հավկիթները որպես միջին, իսկ միջինները որպես փոքր են դրվում: Հակառակ դեպքում վաճառելը դժվար է: իսկ մենք ուրախանում ենք, թե ինչ խոշոր են եւ ինչ արժեն: Սակայն այդպես երկար շարունակվել չի կարող: Նման առատաձեռնության հակառակ երեսը թռչնաֆաբրիկաների տարեկան ֆինանսական հաշվետվություններն են: Գրեթե բոլորը 2011 թ-ը փակել են վնասով, մեկը` նավազագույն շահույթով: Ուստի «կիլոգրամով» վաճառքի տրամբանության վերաբերյալ քննարկումները հստակ են. եթե հավկիթները վաճառվեն քաշով, խոշորները մանրերի տեղ հնարավոր չէ մատուցել: Այդ իսկ պատճառով հավկիթի նոր ստանդարտում, որի վերաբերյալ քննարկումն այսօր տեղի ունեցավ Ստանդարտների ինստիտուտում, որոշ թռչնագործներ առաջարկում են ձուն միայն քաշով վաճառելու պահանջ նշել:





























