Նոյեմբերի 9-ին մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնի կազմակերպած «Հարեւաններ. հայացք Հայաստանից» գիտաժողովը: 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե գիտաժողովի թեմատիկան ընդգրկում է Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պատմության, ներքին քաղաքականության ու արտաքին հարաբերությունների հարցեր: Գիտաժողովի անցկացման համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ տարածաշրջանում առկա է հարեւան պետություններին լավ ճանաչելու խնդիրը:

Կհնչեն զեկույցներ հետեւյալ թեմաներով՝ «Քաղաքական համակարգն Ադրբեջանում», «Ադրբեջանի քաղաքականությունը փոքրամասնությունների նկատմամբ», «Հայ-թուրքական հարաբերություններ. Սցենարներ», «Իսլամական կուսակցությունները Թուրքիայում», «Ղարաբաղյան գործոնն Ադրբեջանի 1991-1994թթ. ներքաղաքական զարգացումներում», «Հայ-թուրքական երկխոսությունը սոցիալական մեդիաներում», «Հարավային Կովկասը ԵՄ էներգետիկ քաղաքականության համատեքստում» եւ այլն։

Զեկուցումներով հանդես կգան ավելի քան 20 երիտասարդներ։ Ելույթների մի մասը կհրատարակվի հայերեն եւ անգլերեն առանձին գրքույկներով: Գիտաժողովին մասնակցող երիտասարդների ընդհանուր թիվը 70 է:

Նշենք, որ գիտաժողովն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի շրջանակներում։