ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը արյունահոսության հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: «Գլխավոր քարտուղարի մոտ մի փոքր արյունահոսություն եղավ և նա տեղափոխվել է հիվանդանոց և պետք է մի քանի օր հանգստանա», — ասել է նա:

Դեպքի պատճառով հետաձգվել է այսօր ծրագրված հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Այժմ Սխեֆերի ինքնազգացողությունը նորմալ է:

Բելգիական լրատվամիջոցների փոխանցմամբ, 61-ամյա պաշտոնյան մի փոքր վատ է զգացել Բրյուսելում Բելգիայի ազգային տոնին նվիրված միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր բրյուսելյան մի այգում: Զգալով, որ ուժերը իրեն լքում են, Սխեֆերը նստել է աթոռին և մի քիչ լավ զգալով իրեն վեր կացել ու գնացել միջոցառումից:

Հիշեցնենք, որ Յաապ դե Հոոպ Սխեֆերի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է օգոստոսի մեկին: