Դեկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխաւորած պատվիրակությանը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաքելությանը եւ Հայաստանի ու յանձնաժողովի համագործակցության հեռանկարներին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե Վեհափառ Հայրապետն այս առիթով գոհունակություն հայտնեց` ընդգծելով ժողովուրդների եւ երկրների միջեւ բարեկամական կապերի ու գործակցության պահպանության ու զարգացման կարեւորությունը ինչպես տնտեսական, այնպէս էլ սոցիալական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտներում:
Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վ. Խրիստենկոն խօսեցին նաեւ հայ-ռուսական, ինչպես նաեւ Հայաստանեայց Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների մասին: Այս առնչությամբ Նորին Սրբությունն ուրախությամբ արձանագրեց, որ երկու ժողովուրդների բարեկամության ձեւավորման ակունքներում Հայ Եկեղեցին է կանգնած: Անդրադառնալով տիար Խրիստենկոյի` Ռուս Եկեղեցուն մատուցած ծառայություններին` Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց նրա նվիրումն ու հավատավոր ոգին ` մաղթելով Աստծու զօրակցությունն իր գործունեության մէջ:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:




























