Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ ներկա դրությամբ քրեական գործով մեղադրյաների քանակը 16-ն են (2-ը` հետախուզվող), որոնցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Վերջինիս խոսքով` մեկ ամսվա ընթացքում կատարված նախաքննության ընթացքում քրեական գործից անջատվել է 5 քրեական գործ` 14 անձի վերաբերյալ, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Անջատված քրեական գործերը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասի, 325-րդ հոդվածի 1-ին մասի` յուրացման եղանակով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով կենսաթոշակի գումարներ հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Ավան եւ Նոր-Նորքի, Էրեբունի եւ Նուբարաշեն, Շենգավիթի եւ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններ:
Ընդհանուր առմամբ նախաքննության ընթացքում հարցաքննվել են 8190 անձինք, այդ թվում` ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության եւ դրա ստորաբաժանումների աշխատակիցներ, կենսաթոշակառուներ, վերջիններիս հարազատներ ու հարեւաններ: Որպես մեղադրյալ ներգրավված 51 անձանցից 28-ի վերաբերյալ 9 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, վնասը վերականգնելուց հետո 7 անձի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է չարդարացնող հիմքով:
«Հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 327 մլն 441 հազար 206 դրամ, որից վերականգնվել է 51 մլն 773 հազար 902 դրամը,դատարան ուղարկված քրեական գործերով պետությանը պատճառված 64 մլն 578 հազար 984 դրամ վնասից վերականգնվել է 24 մլն 704 հազար 22 դրամ»,-ասել է Աշոտ Ահարոնյանը:



























