«Իմ կինն իմ առաջին սերն է ու այդպես էլ մնում է. 22 տարեկանում եմ ամուսնացել: Հայրս էլ, ես էլ, դրսի մարդ էինք, երբ քույրս ամուսնացավ մայրս տանը մենակ էր մնացել ու ամեն օր լացում, հարս ու թոռ էր ուզում, թե չէ ես այդքան շուտ ամուսնացողը չէի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը՝ ներկայացնելով իրեն եւ իր անցած ճանապարհը:

Պարոն Սարոյան, Ձեր կենսագրությունը հիմնականում ռազմական ուղղվածություն ունի. ծառայություն, ռազմադաշտ, ուսում, որը եւս ռազմական է: Եթե եւս մեկ հնարավորություն տրվեր ի՞նչ ճանապարհ եւ մասնագիտություն կընտրեիք:

Չգիտեմ ինչ ճանապարհ կնտրեի, բայց զինվորական հաստատ չէի լինի: Չէի ցանկանա, որ որեւէ մեկը նորից պատերազմի միջով անցեր, մեր ապրածը մեկն էլ ապրեր: Պատերազմի հետ կապված ոչ մի լավ հիշողություն չկա: Խելացի մարդը ո՞նց կարող է պատերազմը սիրի կամ լավ հիշողություն ունենա: Մինչեւ պատերազմը անդարդ տղա էի, կյանքին այլ ձեւ էի նայում, բայց պատերազմից հետո ամեն մի կյանք ինձ համար շատ թանկ է: Երբ աչքիդ առաջ մարդը կյանքը կորցնում է, քեզ համար ամենաթանկ բանը մարդու կանքն է դառնում:

Իսկ այդ թոհուբոհում ինչպե՞ս ծանոթացաք Ձեր կնոջ հետ: Ավանդական կարգով գնացիք նրա ձեռքը խնդրելո՞ւ, թե փախցրել եք:

Իմ կինն իմ առաջին սերն է ու այդպես էլ մնում է: Համակրանք մինչեւ այդ եղել է, բայց սեր չի եղել: 22 տարեկանում եմ ամուսնացել: Հայրս էլ, ես էլ, դրսի մարդ էինք, իսկ քրոջս ամուսնանալուց հետո մայրս տանը մենակ էր մնացել ու ամեն օր լացում, հարս ու թոռ էր ուզում, թե չէ ես այդքան շուտ ամուսնացողը չէի: Չնայած հիմա մորս շնորհակալ եմ դրա համար: Ամուսնությունն էլ լրիվ ավանդական ա եղել: Մամաս ա հավանել: Ես ժամանակ չունեի: Կնոջս ծնողները շատ լավ մարդիկ էին. աշխատող, չարչարվող: Քեռուս տղու կնոջ բարեկամներն էին: Տեսել ենք, հավանել ու ամուսնացել: Առաջին հերթին գրավեց, որ նամուսով թասիբով ընտանիք էին: Մինչեւ գնալս կնոջս մի անգամ էի տեսել փոքր սիրունիկ աղջիկ էր: Հետո մտնում ես ընտանիք հասկանում ես տրադիցիոն են, թե՝ չէ:

Ձեր երեխաների համար խի՞ստ հայր եք: Կա՞ ինչ-որ մի բան, որից Ձեր երեխաները զրկված են եղել:

Չէ նման բան չի եղել. ոչ իմ ժամանակ, ոչ էլ տղաներիս: Շրջապատում բոլորն էլ գիտեն, որ իմ երեխաները չափի մեջ են: Մայրս, հայրս բոլորս ավանդական ենք: Իմ երեխաները մամա, պապա, հորքուր, մորքուր, հոպար, քեռի հարաբերությունների մեջ ապրած երեխաներ են: Հետո, որ ճանաչված մարդու տղաներ են, իրենց ըտենց բան թույլ չեն տվել: Իրենց ամեն քայլը մի րոպե հետո մենք իմանում ենք: Հերս էլ էր կյանքի մարդ ու, եթե մի անշնորք քայլ անեինք, հերս կիմանար: Ես ըստեղ չեմ եղել, բայց միշտ հորս կանտրոլի տակ են մեծացել: Մի անգամ չկա, որ իրանց վրա ջղայնացած լինեմ: Իրանք միշտ ինձանից քաշված եւ հարգանքով են եղել: Դա ընտանիքից է գալիս: Մեծ տղաս Սլավոնական համալսարանի իրավաբանականն է ավարտել, գինու գործարանում է աշխատում, իսկ փոքր տղաս գյուղինստիտուտում է սովորում` գինեգործ է ցանկանում դառնալ:

Ո՞ր տարիքում եւ ի՞նչ աշխատանքով վաստակեցիք ձեր առաջին միլիոնը եւ ինչի՞ վրա ծախսեցիք:

Միշտ էլ փողից չեմ նեղվել, իսկ առաջին մեծ գումարը վաստակելուց առաջ շատ մեծ գործ բռնեցի: Ես շատ աշխույժ տղա էի եւ բանակից հետո, 1988-ին, մեր էջմիածնում կոոպերատիվ բացեցի: Ընթացքում մի օր գնում էի քաղաք ու Աստծո օգնությամբ մեծ վթարից ազատվեցի: Ճակատ` ճակատի պետք է տայինք: Իջա, քիչ էր մնում հարձակվեի այդ տղայի վրա, բայց տեսա, որ նա էլ իրան շատ վատ զգաց եւ ասաց ցավդ տանեմ ես մեղավոր եմ: Հետո պատմեց, որ կողքի ձկան լճերն իրենն են: Գնացինք տեսա ընկերացնանք ու սկսեցի նաեւ լճերի գործով զբաղվել: Հետո գնացինք բանկ, որտեղ նրա բարեկամներից մեկն էր աշխատում բանկից վարկ վերցրեցինք ու սկսեցինք մեծ գումարներ աշխատել: 21 տարեկանում արդեն մեծ փողեր էի առնում: Մամաս վախեցել էր, ասում էր քեզ այդքան փող որտեղից: Բայց մերս գրագետ կին ա, որ նստեցինք հաշվեցինք մեկին 10 փող էինք առել: Ոնց հաշվում էինք մի շիշը 70 կոպեկ էր նստում, բայց 7 -8 ռուբլիով էինք ծախում ու մեծ թվեր էր գալիս:

Իսկ այդ առաջին մեծ գումարը ի՞նչի վրա ծախսեցիք:

Որ ասեմ չեմ հիշում. երեւի մուզիկանտներին շաբաշ տվեցինք:

Իսկ, ո՞րն է Ձեր սիրած երգը, որ միշտ պատվիրում եք: Ու ինչքա՞ն գումար եք շաբաշ տալիս:

Միշտ սիրել եմ «Ծաղիկների աշխարհում» երգը: Բոլոր երաժիշտները գիտեն իմ սիրած երգը ու հենց ինձ տեսնում են, գիտեն, որ այդ երգը երգելու դեպքում փող եմ ուղարկելու: Ինչ վերաբերում է տալուն` նայած տրամադրության, ինչքան շատ տամ, այնքան երաժիշտների համար լավ:

Ձեր ընկերները գնալով շատանո՞ւմ են, թե՞ նվազում: Հասցրե՞լ եք նրանց զտել:

Իհարկե շատացել են: Ընկերների տարբեր կատեգորիաներ կան, որ ուղղակի ընկերներ են, բայց կան, որ հարազատ են դառնում: Ես ընկերներ չեմ կորցնում: Եթե չես ուզում ընկերոջդ կորցնել չես կորցնում: Օրինակ, որ ասում են ընկերս սխալ էր, ճիշտ չի: Եթե սխալ ա, բա դու ո՞ւր էիր: Եթե տեսնում ես՝ ընկերդ սխալ ճամփով ա գնում, ձեռք գցի, ասա. «Ախպեր ջան, սա մեր ճամփեն չի, արի սենց գնանք»: Թողում ես խորտակվի, որ հետո էլ դու ասես, որ սխալ ես: Իսկ երբ ընկերոջդ սխալի կեսը վերցնում ես քո վրա եւ ընդունում, որ դու էլ ես սխալ իր վիճակի համար, այդ ժամանակ ոչ մի ընկերություն չի կորում: Ընկերոջիցդ միայն դավաճանության դեպքում կարող ես հրաժարվել: Երբ, ոչ թե սխալվում է , այլ գիտակցաբար դավաճանում: Ուրեմն ինքը էլ քոնը չի: Ճիշտը սա է:

Դուք մտերիմ եք գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Շատերին, երբ խնդրում ես իրենց բնութագրել, ասում են ընկերոջիցս հարցրու: Հիմա կխնդրեմ ասեք, թե ինչպիսի՞ն է Մավել Գրիգորյանը:

Մեր ընկերությունը պատերազմի դաշտից է գալիս: Առաջին օրը, երբ ծանոթացանք, նույն պոստում երկուսով ենք կանգնել: Երբ հզորացանք, բաժանվեցինք: Հզոր մարդկանց իրար հետ մնալը չէր ստացվում: Մանվել Գրիգորյանը հզոր մարդ ա, աշխարհի չափ սիրտ ունի: Ինքը շատ նուրբ հոգի ունի, ընկերոջ հանդեպ այնքան ուշադիր է, որ ոչ մեկիս մոտ այդ բանը չկա: Իրանից ես շատ բան եմ սովորել մարդկային առումով: Այս տարիների ընթացքում տեսել եմ ու սովորել, ինչի համար ամբողջ կյանքում նրան շնորհակալ կլինեմ: Աստված չանի հարազատ կորցնելու դեպքում կամ վատ վիճակի մեջ ընկերոջ կողքից մի վայրկյան չի հեռանա, ոչ ցրտին կնայի, ոչ հոգնածությանը: Այ տենց ընկեր ա ու ես իրանից եմ սովորել, թե ոնց կարա ընկերը լինի ընկերոջ կողքին: Ինքը երբեք ընկերներին մատների արանքով չի նայի: Չեմ հիշում մի դեպք, երբ իրա ընկերներից մեկին թողնի վատ դրության մեջ ասի ես դրա հետ գործ չունեմ: Նա ուրիշի խնդիրը վերցնում է իր վրա, անձնականացնում: Դա մեծ մարդկային առավելություն է, որը մենակ իմ ընկերոջ մոտ կա եւ ես դրանով հպարտանում եմ: Մանվելը իմ եղբայրն ա: Ես սիրով եմ նայում նրան, որպես իմ մեծ ախպոր:

Այսօրվա քաղաքական դաշտը բաժանել է ընկերներին, բայց Դուք, կարծես բոլոր դաշտերում էլ ընկերներ ունեք: Ի՞նչն եք կարեւորում ընկերության մեջ:

Ասենք մի տան մեջ 3 եղբայր են եւ ամեն մեկը մի կուսակցության է հարում: Ի՞նչ է, այդ ախպերությունը պրծա՞վ: Իմ գաղափարը սա է, քոնը՝ դա: Արի մրցենք: Դու քո շենքը սարքի, ես՝ իմը, վերջում կտեսնենք որի՞ս շենքն է սիրուն: Անձնականը չի կարելի խառնել քաղաքականության հետ: Այ դա է քանդում մեր երկիրը: Իրար հարգելով պետք է ախպերությունը պահպանենք:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ինչպե՞ս ծանոթացաք:

Գագիկի հետ վաղուց եմ ընկերություն անում` 90-ական թվականներից: Հետո էլ դարձա նրա աղջկա եւ մեր Գուլոյանի որդու հարսանիքի քավորը:

Դուք կրիմինալ աշխարհում էլ ընկերներ ունենք: Ինչո՞վ են նրանք տարբերվում մյուսներից:

Իհարկե, ունեմ: Իրենք էլ են մարդ, իրենք էլ իրենց աշխարհն ու մտածելակերպն ունեն, ապրելու իրենց ձեւը ունեն ու դրանով են ապրում: Ես ոչ թե իրենց կյանքի, այլ մարդ տեսակի համար եմ իրենց հետ ընկերություն անում: Նա էլ ինձ հետ որպես մարդ է ընկերություն անում, ոչ թե որպես ԱԺ պատգամավոր կամ գեներալ: Նույն մարդիկ են: Նրանք էլ են կարողանում ուրախանալ, պատիվ տալ, հարգանք մատուցել: Իսկ իր աշխարհում, թե ինքը ոնց է ապրում, դա արդեն ինձ չի հետաքրքրում: Նրանց հետ եւս կյանքի առումով եմ ընկերացել: Մեկը կարող է բարեկամ լինի, մյուսը հարազատ, մյուսը ընկերոջս ընկերը եւ այսպես:

Ասում են արտերկրում` հատկապես Սոչում, Ուկրաինայում բիզնեսներ ունեք:

Սոչում, Ուկրաինայում չունեմ, բայց Մոսկվայում բիզնես ունեմ, որից մասնաբաժին եմ ստանում:Սաղ դրած ա ռելսերի վրա եւ աշխատում է: Ժամանակին հերս ամեն ինչ արել ա: Հիմա իմ գործն ԱԺ-ն ա, իմ ընտանիքը: Հավատա, որ ոչ մի բանով չեմ զբաղվում. ուրիշներն են զբաղվում ես իմ մասնաբաժինն ունեմ:

Ըստ Ձեզ, ի՞նչն է պակասում Ձեր կենսագրության մեջ: Ի՞նչի եք ձգտում:

Աստծուն փառք, հավատա, որ հիմա ոչ մի բանի կարիք չունեմ: Հիմա ինձ իմ երեխաների ապագան է հետաքրքրում, ուզում եմ լիքը թոռներ ունենամ: Հիմնական շեշտը դրել եմ դրա վրա, որ թոռներս իրենց ապագան ճիշտ կառուցեն: Հիմա ինձ հանգիստ ա պետք, ո ր զբաղվեմ իմ ընտանիքով, իմ ԱԺ-ով ու ժողովրդով: Շատ ծանր գործ ա:

Մարկ Տվենն ասում է, որ կյանքում մի անգամ բախտը բախում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց շատ դեպքերում մարդն այդ ժամանակ նստած է լինում հարեւան գինետանը եւ չի լսում նրա բախյունը: Դուք հասցրե՞լ եք բացել այդ թակած դուռը, թե դեռ սպասում եք:

Բա չի երեւո՞ւմ, որ շուտվանից ենք հասել: Ես գինետանը երբեք չեմ եղել, միշտ տուն եմ եղել ու գալու ժամանակ էլ ընդունել ենք, չենք թողել, որ գնա:

Եթե հետադարձ հայացք գցեք ձեր 45 տարիներին, ի՞նչ տվեց Ձեզ կյանքը, ինչ սովորեցիք:

Կյանքին պետք է ճիշտ նայես ու ազնիվ ձեւով: Ինքդ քեզ խաբելով, կեղծելով, ոչ մի բանի չես հասնի: Այդ ազնվությունը ամեն ինչ բերում դնում է իր տեղը: Ճիշտ է, մեծ խոչընդոտների կհանդիպես, որովհետեւ այդքան հեշտ չի ազնիվ ու շիտակ ապրելը, բայց վերջում դու ճիշտ ես:

Կյանքում միշտ հաղթո՞ղ եք եղել, թե ամեն դեպքում պարտություններ էլ եք ունեցել:

Ես պարտության ցավը չեմ զգացել. թու-թու-թու: Երեւի, ամեն ինչին ազնիվ աչքով եմ նայել դրա համար, չեմ փորձել ինձ կեղծել:

Գիտեմ, որ շատ հյուրասեր մարդ եք: Հայտնի ֆիլում ասվում է, որ եթե սրով ուզածիդ չհասնես, աղ ու հացով կհասնես: Ինչ է Ձեզ համար հյուրասիրությունը:

Ճիշտ են ասում: Դա ինձ համար հաճույք է: Ընկերներիս, մոտիկներիս, հարազատներիս հետ նստել, քեֆ անելը ինձ համար հաճույք է: Ավելին` մարդուն ավելի լավ ես ճանաչում: Դրանում շատ մեծ խորություն կա:

Հ.Գ. Սեդրակ Սարոյանի սիրած երգը լսել ԱՅՍՏԵՂ:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը