Կապանի Deno Gold Mining Company ընկերության Գեղանուշի պոչամբարի խողովակաշարում դեկտեմբերի 1-ի վաղ առավոտյան տեղի է ունեցել վթար, որը թվով երրորդն է այս տարի: Վթարի հետեւանքով արտադրական պոչերը լցվել են Գեղանուշ գետը, ողողել հարակից տարածքը: Deno Gold Mining Company-ն հաղորդագրություն է տարածել, որում տեղի ունեցածը որակել է որպես սաբոտաժ:

«Մեր ընկերությունը խստորեն քննադատում է այս գործողությունը, քանի որ արդյունքում վնաս է հասցվել շրջակա միջավայրին, համայնքին, այնտեղ ապրող բնակիչներին եւ ընկերությանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ հաղորդագրություն է տարածել նաեւ բնապահպան Թեհմինե Ենոքյանը, ով դեկտեմբերի 4-ին եղել է դեպքի վայրում: Նա նշել է, որ խողովակների միացման հատվածում թուլացած կոնստրուկցիաների հետեւանքով տեղի է ունեցել արտահոսք, ու Նորաշենիկ գետն ամբողջությամբ ողողված է թափոններով: «Մենք պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից եւ ոստիկանությունից՝ հարուցել քրեական գործ եւ պատասխանատվության կանչել մեղավորներին: Մենք համոզված ենք. որ պատասխանատու է հանքաթափոնային կազմակերպությունը»,- նշել է բնապահպանը: