Այս տարի «Կին» միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար Երեւան է ժամանել արգենտինացի դերասան, լրագրող եւ կինոգործիչ Ջեք Պողոսյանը, ով արդեն որերորդ տարին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի պատվավոր անդամ է: Առաջին անգամ Հայաստանում նա եղել է 2001 թվականին, այն ժամանակ նա ընդամենը մի քանի հայերեն բառ գիտեր, իսկ հիմա լրիվ կարող է հաղորդակցվել հայերենով:
Դուք կանանց ֆիլմերի «Կին» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ եք: Ի՞նչ տարբերություն կա կանանց եւ տղամարդկանց կողմից նկարահանված ֆիլմերի միջեւ:
Տարբերությունը նկարահանողի սեռը չէ, այլ այն, թե կոնկրետ ինչպիսին կին կամ ինչպիսի տղամարդ է ֆիլմի ռեժիսորը: Եթե խոսենք կանացի կինոյի մասին, օրինակ գոյություն ունի ֆեմինիստուհիների շարժումներ, որոնք ցանկանում են ցուցադրել բաներ, որոնք հետաքրքիր չեն տղամարդկանց համար: Նրանք իրենց ֆիլմերը հասցեագրում են կանանց: Ինձ համար ամենակարեւորը լավ ֆիլմ նկարահանելն է ու կարեւոր չէ ռեժիսորը կին է, թե՝ տղամարդ: Ամենագլխավորը պատմությունը փոխանցելն է:
Ընդհանրապես, կանայք կինեմատոգրաֆիայում ավելի ուշ են հայտնվել: Հայաստանում առաջին կին ռեժիսորներից մեկը Ռոզալյա Ֆրանգուլյանն էր: Սկզբունքորեն ինձ համար կարեւոր չէ ռեժիսորի սեռը: Ինձ դուր չի գալիս, երբ ֆիլմը կամ գիրքը որոշակի մեսիջ է կրում: Մեսիջն այն է, որ զգում ես ֆիլմը դիտելուց հետո եւ կարող ես քննարկել ընկերներիդ հետ: Կինոն չպետք է անհեթեթության աստիճան մանկավարժական լինի:
10 տարի ռաջ Դուք հիմնադրել եք Արգենտինայում հայկական ֆիլմերի ցուցադրման «Cinemateca Armenia» նախագիծը: Ինչպե՞ս է արձագանքել հանդիսատեսը: Ձեր լսարանը միայն հայե՞րն են:
Ես հասկանում եմ, որ հայկական ֆիլմերն անհայտ են Լատինական Ամերիկայում եւ ընդհանրապես՝ Ամերիկայում: յսպես, ես սկսեցի աշխատել հայկական կինոյի համար: Սկզբում դժվար էր, ես լրիվ մենակ էի իմ նախաձեռնություններում: Շատերի մոտ նախապաշարումներ կային, որ հայկական ֆիլմերը խորհրդային են, ձանձրալի եւ հնաոճ: Սակայն պետք է նշել, որ ես ոչ մեկից մերժում չեմ ստացել, բոլորն ինձ օգնել են: Այսպես քիչ-քիչ ես սկսեցի հայկական ֆիլմեր ցուցադրել Բուենոս Այրեսում՝ Համահայկական բարեգործական միության օժանդակությամբ: Իմ հանդիսատեսը ոչ միայն հայերն են, ֆիլմերը ցուցադրվում են նաեւ այլ քաղաքներում՝ օրինակ Մոնտեվիդեոյում եւ Կորդոբայում:
Հիմա արդեն Արգենտինայում եւ Ուրուգվայում ոչ մի կարեւոր կինոփառատոն չի անցնում առանց հայկական ֆիլմերի, նույնիսկ եթե նրանք ընդգրկված չեն մրցութային ծրագրում: Կինոն հայրենիքին օգտակար լինելու լավագույն միջոցն է:
Ձեր կարծիքով, ո՞ր հայկական ֆիլմերը պահանջարկ ունեն:
Բոլորն ինձ ասում են. «Ջեք, խնդրում ենք կատակերգություններ բեր»: Մարդիկ ուզում են ծիծաղել: Մենք հիասքանչ դասական հայկական կատակերգություններ ունենք, ինչպիսիք են «Տժվժիկը», «Ոսկե ցլիկը»: Դա իմ ամենասիրած ժանրը չէ, բայց մենք փորձում ենք նաեւ կատակերգություններ ցուցադրել:
Եթե Դուք այցելեք Երեւանի «Մոսկվա» կինոթատրոն, իհարկե ոչ «Ոսկե ծիրանի» կինոփառատոնի օրերին, ապա կտեսնեք սարսափելի ամերիկյան ֆիլմեր, բայց, ի զարմանս ինձ, դրանց շարքում կան երկու հայկական կատակերգություններ, որոնք բավական երկար մնում են վարձույթում: Հայկական կինոյին պետք չեն կատակերգություններ, պետք են ֆիլմեր, որոնք ցանկանում են նկարահանել ռեժիսորները:
Ինչպիսի՞ ֆիլմեր պետք է նկարահանեն հայ ռեժիսորները, որպեսզի պահանջված լինեն, որպեսզի նրանց ստեղծագործություններին սպասեն տարածաշրջանում եւ սփյուռքում:
Ռեժիսորները, նախ եւ առաջ, պետք է աշխատեն իրենց համար, անեն այն, ինչ իրենց է դուր գալիս, ոչ թե՝ ինչ ուզում է հանդիսատեսը: Երբ դու ի սկզբանե ինչ-որ բան ես անում ուրիշի համար, դու սխալ ես անում: Ռեժիսորը պետք է անի այն, ինչն անհրաժեշտ է համարում, այլ ոչ թե իր ֆիլմը նվիրի այլոց:
Չե՞ք կարծում, որ հայ հանդիսատեսը ուզում է կատակերգություն դիտել, քանի որ այլընտրանքը միայն ողբերգությունն է՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող պատմական ֆիլմերը: Մեր կինոյում կա մեծ դատարկ տարածք՝ չկան ներկայի մասին պատմող դրամաներ, սիրո պատմություններ կամ օրինակ քաղաքականության մասին ֆիլմեր:
Դուք ճիշտ եք, մարդիկ ողբերգություններ չեն ուզում: Ես խոսում եմ հենց հայ, ոչ թե՝ արգենտինացի հանդիսատեսի մասին, որը սովոր է դիտել տարբեր ժանրերի ֆիլմեր: Մենք պետք է խոսենք տարբեր պատմությունների՝ սիրո, քաղաքականության, երեւանյան դրվագների մասին:
Պատմեք Ձեր պլանների մասին, Դուք նաեւ դերասան եք: Պատրաստվո՞ւմ եք այսուհետ եւս նկարահանվել:
Ես Հայաստանում նկարահանվել եմ մի ֆիլմում եւ կցանկանայի շարունակել աշխատանքս այստեղ: Կա հիմար կարծիք, որ եթե դերասանը չի նկարահանվում սերիալներում եւ ամբողջ օրը էկրաններին չի երեւում, նշանակում է նա չի աշխատում: Դա այդպես չէ: Մենք սովորում ենք, զարգանում, հետազոտում: Օրինակ, հիմա ես աշխատում եմ բանաստեղծ Գարսիա Լորկայի կյանքի մասին նախագծի վրա: Ես նաեւ աշխատում եմ Բորխեսին վերաբերող սցերանի վրա: Ինչ վերաբերում է իմ «Cinemateca Armenia» նախագծին, ապա հաջորդ տարի խոշոր ցուցադրություններով կնշենք 10-ամյակը, այդ թվում նաեւ Ուրուգվայում:
Մի ավանդական հարց: Պատմեք, թե ինչով է ապրում Արգենտինայի հայությունը: Ի՞նչ մշակութային միջոցառումներ է կազմակերպում հայ համայնքը:
Մենք շատ հայկական հաստատություններ ունենք, ունենք հայկական դպրոցներ, որոնցից մեկում ես դասավանդում եմ: Կան հայկական թերթեր, ռադիո: Հիմնականում դրանք երաժշտական միջոցառումներ են, հայկական երգչախմբի, պարային համույթի համերգներ: Հնարավոր է, մենք տարբեր երեւույթների տարբեր ենք նայում, բայց օրվա վերջում մենք հավաքվում ենք, չէ որ մենք հայեր ենք:
Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստանն ու Երեւանը, երբ գաք հաջորդ անգամ:
Նախ ես կցանկանայի, որ ընտրությունները խաղաղ անցնեն: Ես չեմ ուզում նախորդ ընտրությունների դեպքերի կրկնություն: Դա սրտին խրված դանակ էր: Երբ ես հաջորդ անգամ գամ, չեմ ուզում լսել, որ իմ ընկերները մտադիր են լքել Հայաստանը: Ես ուզում եմ, որ նրանք արժանապատիվ աշխատանք եւ աշխատավարձ ունենան: Ես ուզում եմ, որ ամեն բան փոխվի դեպի լավը, որպեսզի լինեն նոր ֆիլմեր:
Ուզում եմ «Նաիրի» կինոթատրոնը բաց տեսնել, եւ ընդհանրապես, ուզում եմ շատ կինոթատրոններ տեսնել: Ես յուրաքանչյուրի համար լավ կյանք եմ ուզում ոչ միայն Երեւանում, այլեւ ողջ Հայաստանում: Մենք պետք է խնամենք մեր երկրի ամեն քառակուսի մետրը, քանի որ այս հողը մեզ բաժին է հասել հսկայական ջանքերի գնով: Մենք բոլորս պետք է պաշտպանենք Հայաստանն ու Ղարաբաղը:
Զրուցեց՝ Մարիա Ասատրյանը





























