Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը համոզված է, որ նախագահական ընտրություններում ստանալու է 81 տոկոս ձայն: Այս մասին այսօր` դեկտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսին ասաց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Նրա խոսքով, ինքը վստահ է իր հաղթանակում, քանի որ չի գալիս պայքարելու Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, այլ նրանց միավորելու մեկ գաղափարի շուրջ: «Սա լինելու, ոչ թե Վարդան Սեդրակյանի, այլ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մյուս բոլոր քաղաքական ուժերի հաղթանկը»,- ասաց Վարդան Սեդրակյանը: Խոսելով արտաքին քաղաքականության մասին` նա ասաց, որ Արցախը եւ ազատագրված բոլոր տարածքները վերամիավորելու է Հայաստանին, Նախիջեւանը եւս դարձնելու է Հայաստանի անբաժանելի մաս:

Իսկ Հայաստանի եւ Իրանի միջեւ ռազմական-ստրատեգիական պայմանագիր  է ստորագրելու, քանի որ պարսիկները մեր գենետիկ եղբայրներն են, ինչը Արցախի պատերազմի ընթացքում հաստատեցին: Թեկնածուն ընտրվելու դեպքում առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսում է Ջավախքի վերամիավորումը Հայաստանին, նաեւ նախատեսել է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ունենան ցամաքային սահման: Բացի այդ, Սեդրակյանը պատրաստակամություն է հայտնել ճանաչելու Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: