Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի` 2013 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Թրաֆիքինգի զոհերին պետական աջակցություն» ծրագրի մասին հայտարարությանը: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում իրականացվում է երեք ուղղություններով, որոնցից մեկը թրաֆիքինգի զոհերին աջակցության կազմակերպումն է: Օգնությունը հիմնված է գոյություն ունեցող միջազգային չափանիշների վրա Հայաստանի հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների վրա եւ բխում է «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին» ԵԽ կոնվենցիայի եւ այլ միջազգային իրավական ակտերի պահանջներից:
«Հարկ ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի իշխանությունների կողմից ՄԱԿ-ի կոնվենցիայի չկատարումը կարող է հանգեցնել տնտեսական սանկցիաների երկրի նկատմամբ: Թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված քաղաքականությունն իրականացվել է երեք Ազգային ծրագրերով` 2004–2006թթ., 2007-2009թթ., 2010-2012թթ.: Ծրագրերի շարունակականությունն ապահովելու է 2013-2015թթ. չորրորդ եռամյա Ազգային ծրագիրը, որի մշակման աշխատանքները մոտենում են ավարտին: ՀՀ պետական բյուջեից ֆինասավորվող «Թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին եւ շարունակական է: Ծրագրի շրջանակներում զոհերին ցուցաբերվում է առաջնային օժանդակություն, կազմակերպվում են նրանց վերականգնողական աշխատանքները` բժշկական, սոցիալական, հոգեբանական օգնություն ու խորհրդատվություն տրամադրելու տեսքով, ինչը նախատեսվել է 2007-2009թթ. եւ 2010-2012թթ. Ազգային ծրագրերի միջոցառումների ժամանակացույցերում»,- հայտնեցին նախարարությունից:
Ծրագիրն իրականացվում է «ԱՄՔՈՐ» բարեգործական կազմակերպության հետ, 2009 թվականից, համաֆինասավորման եղանակով` համաձայն կողմերի միջեւ ստորագրված պայմանագրի: Նշված ժամանակահատվածում «ԱՄՔՈՐ» բարեգործական կազմակերպությունը դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ ապահովել է հիմնական ծախսերը եւ պետական բյուջեից օգտագործել է միայն կազմակերության տարածքի վարձակալության համար նախատեսված գումարը: Չօգտագործված գումարները ետ են վերադարձվել բյուջե:
Այսպես. 2009 թվականին ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 16,4 մլն դրամ (չի օգտագործվել), 2010 թ-ին` 25,966.4 հազ. դրամ (օգտագործվել է 6. 072, 00), 2011-ին ` 32.874.00 (օգտագործվել է 6,624,000.0) եւ 2012թթ.` 6,624,000.0 (օգտագործվել է): 2013թ. ծրագրի համաֆինանսավորման գումարի չափը որոշվել է` նկատի ունենալով վերջին տարիների փաստացի ծախսերը:
«Հարկ է նշել, որ «Ամքորը» 2012 թվականի մայիսին նամակով դիմել է նախարարություն` պայմանագրի համապատասխան տողում փոփոխություն կատարելու եւ ֆինանսավորման ներկայիս չափը կրկնապատկելու մասին, սակայն 2013-2015թթ. ՄԺԾ ծախսերի ծրագրում ներկայացված հայտը չի հաստատվել:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կարեւորում է թրաֆիկինգի զոհերին աջակցության ծրագիրը եւ առաջարկում կարծիք հայտնելուց առաջ ուսումնասիրել ծրագրի անհրաժեշտությունը, նպատակը եւ արդյունքները»,- հայտնեցին սոցապ նախարարությունից:



























