Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 12-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկա է գտնվել «Երբ գիրքը գտնում է նկարչին» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որը եզրափակում է անցյալ տարեվերջին մեկնարկած հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական միջոցառումները:
Նապագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե ցուցահանդեսը նվիրված է հայ ընթերցանության պատմությանը եւ գրքի գեղարվեստական ձեւավորման տարբեր փուլերին` սկսած 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի 70-ական թվականները:
Հանրապետության նախագահը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել հայաստանյան հինգ մշակութային կառույցների՝ Հովհ. Թումանյանի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Չարենցի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի եւ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի համատեղ նախագծի շրջանակներում կազմակերպված միջոցառման ցուցադրանյութին:
Սերժ Սարգսյանը մեծանուն գրողի թանգարանում ծանոթացել է նաեւ Հովհ. Թումանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին եւ դրանց պատշաճ պահպանման ու ներկայացման համար վերջին շրջանում իրականացված աշխատանքներին:
































