Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան հաջորդ տարի կվերսկսի Հայաստանին ֆինանսավորելը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Հիշեցնենք, որ 2006 թվականին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան (ՀՄԿ) ծրագրել էր Հայաստանին հատկացնել մոտ 235 միլիոն դոլարի գումար` նախատեսված ոռոգման համակարգերի եւ գյուղական ճանապարհների շինարարության համար: 2009-ին, սակայն, կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը` դա պայմանավորելով մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ: Պարզ ասած՝ այդ ֆինանսավորումը դադարեցվեց՝ պայմանավորված 2008 թ. նախագահական ընտրություններից հետո մարտի 1-2-ի իրադարձություններով, դրան հետեւած գործընթացներով, բազմաթիվ քաղբանտարկյալների առկայությամբ եւ այլն:

Իսկ այժմ գոյություն ունեցող ներքաղաքական պայմանները, հավանաբար, ԱՄՆ-ին կամ ՀՄԿ-ին այդ ֆինանսավորումը վերսկսելու նախադրյալներ են տվել: Այս տարի իշխանություններին հաջողվեց հնարավորինս անաղմուկ անցկացնել մայիսյան խորհրդարանական ընտրությունները:
Բացի ներքաղաքական իրավիճակից, ՀՀ գործող իշխանությունները հայտարարում են, թե որդեգրել են եվրոինտեգրման ճանապարհը: Ամեն դեպքում, գործող իշխանությունները արտաքին քաղաքականության ոլորտում կարողացել են միանշանակ ռուսամետությունից պոկվել եւ ինչ-որ առումով համագործակցել նաեւ Արեւմուտքի հետ: Եվ այս երկու հանգամանքները, հավանաբար, հիմք են հանդիսացել ԱՄՆ-ի ու ՀՄԿ-ի համար, որ վերսկսեն Հայաստանին ֆինանսավորելը:

Ընդ որում, մեր տեղեկություններով՝ ՀՄԿ-ն որոշել է ոչ թե կիսատ մնացած ֆինանսավորումը շարունակել, այլ այն ավելացնել: Ավելին, տեղեկություններ կան նաեւ, որ եթե ՀՀ իշխանությունները կարողանան դիմակայել ՌԴ-ին ու չմիանան Եվրասիական միությանը, ԱՄՆ-ը Հայաստանին տարբեր ծրագրերով, այդ թվում՝ եւ ՀՄԿ-ով, անհատույց 2 մլրդ դոլար կհատկացնի»,- գրում է «Ժամանակը»։