Երեւան քաղաքի Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը` դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին: նշանակված է դատական նիստ ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բուլղադարյանի 2012 թ. հուլիսի 28-ի քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջի մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:
Գործի էությունն այն է, որ 2010 թ. հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի 2-րդ թիվ 56534 մարտական դիրքերում հրազենային մարտական վնասվածքով հայտնաբերվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադեւոսյանի եւ ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանի, Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի եւ Արտեմ Մանասյանի դիակները: ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի վերաբերյալ շուրջ 2 տարի կատարվել է նախաքննություն: 2012 թ. հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բուլղադարյանի կողմից կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ հաշվի առնելով Կարո Այվազյանի եւ Վարդգես Թադեւոսյանի մահացած լինելու հանգամանքը:
Ռոբերտ Հովհաննիսյանի եւ Անդրանիկ Սարգսյանի իրավահաջորդներ Միքայել Հովհաննիսյանը, Սվետլանա Կարապետյանը եւ իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դիմում-բողոք են ուղղել զինդատախազ Գեւորգ Կոստանյանին՝ պահանջելով վերացնել վարույթը կարճելու մասին որոշումը եւ գործն ուղարկել նախաքննության: Բողոքի հիմքում դրվել է նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված քրեադատավարական օրենսդրական խախտումները:
2012 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանի կողմից ստացվել է բողոքը մերժելու մասին որոշում, որը բողոքարկվել է դատական կարգով:




























