Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Մոսկվայում հանդիպեց  ՌԴ տարածքային զարգացման նախարար Իգոր Սլյունյաեւի հետ: Փոխվարչապետը նախ շնորհավորեց գործընկերոջը` պաշտոնի ստանձնման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ: Կողմերը քննարկեցին ինչպես  ապակենտրոնացված մակարդակով, այնպես էլ նախարարությունների միջեւ փոխգործակցության հարցեր:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե երկուստեք արձանագրվեց, որ վերջին տարիներին գործնական  քայլեր են իրականացվում հարաբերությունների խորացման ուղղությամբ:  Մասնավորապես անդրադարձ եղավ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովների անցկացմանը: Զրուցակիցները դրական գնահատեցին  2011 եւ 2012 թվականներին կազմակերպված  առաջին եւ երկրորդ  համաժողովների արդյունքները: Արձանագրվեց, որ համաժողովները նոր թափ են հաղորդում երկու երկրների միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը եւ դրանց պարբերական անցկացումն առավել համակարգված եւ արդյունավետ կդարձնի  ապակենտրոնացված մակարդակով գործակցությունը:

Քննարկվեցին նաեւ երրորդ համաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Կարեւորվեց համաժողովի շրջանակում գործընկեր տարածաշրջանների միջեւ գործնական շփումների, տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը:

Հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հայ-ռուսական  տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերը համակարգող աշխատանքային խումբը կքննարկի եւ կհստակեցնի համաժողովի օրակարգին եւ ձեւաչափին վերաբերող հարցերը:

Զրուցակիցները խոսեցին նաեւ երկու երկրներում տարածքային զարգացման ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին: Կարեւորվեց նախարարությունների միջեւ փորձի փոխանակման, փոխայցելությունների անհրաժեշտությունը:

Անդրադարձ եղավ նաեւ ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի գործունեությանը, քննարկվեցին խորհրդի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման հարցեր: Փոխվարչապետը ներկայացրեց նաեւ ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հայեցակարգի վերաբերյալ հայկական կողմի նկատառումները, ըստ որոնց առաջարկվում է շեշտը դնել միջռեգիոնալ համագործակցության վրա: