Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, տեղի են ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) կողմից անցկացված «Երեւանի գավաթ» համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը եւ հաղթող թիմերի մրցանակաբաշխությունը։ Ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի հաղթող թիմերին մրցանակները հանձնել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը եւ ՀՀԿ ԵԿ Երեւանի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը։

Համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնին մասնակցել է Երեւանի 35 ավագ դպրոց, եզրափակչում ուժերը չափել են 14 ավագ դպրոցների թիմեր։ Ինտելեկտուալ մրցույթ-փառատոնում առաջին տեղը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանի թիվ 142 ավագ դպրոցը, 2-րդ տեղը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 112 դպրոցը, 3-րդ տեղը՝ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 97 դպրոցը։

ՀՀԿ ԵԿ-ն ինտելեկտուալ մրցույթ-փառատոն կազմակերպում է արդեն 7-րդ տարին, եւ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունն ինտելեկտուալ խաղերի նկատմամբ։ Մրցույթն իրականացվել է երկու փուլով՝ ներհամայնքային եւ միջհամայնքային։

Համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնն անցկացվել է Գիտակների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Գիտակների հայկական ասոցիացիայի անդամ Էմիլ Միրզոյանը նշել է, որ ՀՀ վարչապետի, կրթության եւ գիտության նախարարի, ՀՀԿ-ի աջակցությամբ վերջին տարիներին մեծ թափով վերածնվել է ինտելեկտուալ շարժումը։ Էմիլ Միրզոյանը բարձր է գնահատել ավագ դպրոցների աշակերտների ինտելեկտուալ մակարդակը։ Ըստ նրա՝ ավագ դպրոցների աշակերտները կարողացել են պատասխանել հարցերի ավելի քան 60 տոկոսին, ինչը ոչ պրոֆեսիոնալ թիմերի համար բավականին բարձր ցուցանիշ է: