Այսօր` դեկտեմբերի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին եւ անկախ պատգամավորներին ներկայացրել է հարկային ոլորտի 16 օրենքների նախագծերի վերաբերյալ իր առաջարկությունների փաթեթը։
Պաշտպանի գրասենյակից հայտնում են, թե աԱռաջարկությունների փաթեթը ներառում է օրենքի նախագծերի բարեփոխման մի շարք առաջարկներ, մասնավորապես՝ օրենքի նախագծում հստակեցնել, որ հարկային մարմինը գույքի վրա կարող է արգելանք դնել միայն դատարանի որոշմամբ, իսկ անհետաձգելի դեպքերում կարող է կիրառել արգելանք, սակայն 24 ժամվա ընթացքում պարտավոր է իր կողմից կայացրած որոշումը ներկայացնել դատարան:
Շատ կարեւոր է նաեւ երկարաձգել օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետները` 2013թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով պաշտոնական հրապարակումից հետո 30-օրյա ժամկետ, քանի որ հարկատուների համար նոր պարտավորություններ սահմանելիս հարկավոր է նախատեսել դրանք արդյունավետ իրականացնելու ողջամիտ ժամկետներ:
Անհրաժեշտ ենք գտնում նաեւ օրենքի նախագծում նախատեսել այն հանգամանքը, որ հարկային մարմնի աշխատակիցները ստուգման նպատակով կարող են վերցնել իրեր կամ անհրաժեշտ այլ նյութեր միայն այն դեպքերում, երբ ստուգման ընթացքում առաջանում է հիմնավոր կասկած, որ անձը թույլ է տվել խախտում, եւ այդ իրը կարող է էական նշանակություն ունենալ ստուգումների իրականացման համար:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am


























