ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արայիկ Հայրապետյանը, ինչպես եւ մտքին դրել էր, չի վերանորոգել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ջեռուցման համակարգի հետադարձ ջրագիծը։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Դեռ նոյեմբերի վերջին տեղեկացրել էինք, որ գործարարին պատկանող «Լավանդա» դեղատանն ընթացող շինվերանորոգման աշխատանքների ընթացքում վնասվել էին բուհի խողովակները, ինչի պատճառով էլ դադարեցվել էր ջեռուցումը։ Դեղատունը գտնվում է համալսարանի 1-ին հարկում։ Գործարարը հրաժարվել էր վերականգնել հասցված վնասը՝ պահանջելով, որ բուհի ղեկավարությունն ինքը փոխի խողովակները։ Հայրապետյանը մտավախություն ուներ, որ մաշված խողովակաշարը մի օր էլ կարող է պայթել շինվերանորոգման աշխատանքների ավարտից հետո՝ լցվելով դեղատուն։ Համալսարանից երեկ տեղեկացանք, որ իրենք իրենց ուժերով ու միջոցներով կարգավորել են խնդիրը։ Ջեռուցումը հիմնականում վերականգնվել է։ Ամբողջությամբ կվերականգնվի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում։ Բուհից փոխանցեցին նաեւ, որ դիմել են դատարան՝ վնասի փոխհատուցման հայցով։ Նաեւ ոստիկանությունն է զբաղվում խնդրով։ Այս դեպքում արդեն բողոքը վերաբերում է շինաշխատանքներին ուղեկցող աղմուկին, որը խանգարում է դասապրոցեսի բնականոն ընթացքին»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























