Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի ընտրության խնդրի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել «Թերլեմեզյան» նախաձեռնությունը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանի մահից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել նրա կնոջը՝ արվեստի հետ ոչ մի կապ եւ անգամ պահանջվող մանկավարժական կրթություն չունեցող, մասնագիտությամբ կիբեռնետիկ Աննա Մնացականյանին: ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի № 224-Ն որոշման հիման վրա ՊՈԱԿ-ի ղեկավարը պարտադիր պետք է ունենա համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, տվյալ դեպքում մանկավարժական բարձրագույն կրթություն, որն Աննա Մնացականյանը չունի: Աննա Մնացականյանը չէր համապատասխանում նաեւ մրցույթի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի պահանջներին. ըստ ՀՀ ԿԳ նախարարի 13.03.2008 թ-ի N 60-Ն հրամանի հավակնորդը պետք է ունենար կրթության ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ (վերջին 10 տարիների ընթացքում), կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ: Սակայն 2012 թ-ի հոկտեմբերի 10-ին հրամանում կատարվել է փոփոխություն` «կրթության ոլորտում» բառերը հանվել են տեքստից եւ նույն օրը Աննա Մնացականյանը նշանակվել է Թերլեմեզյանի տնօրենի ԺՊ:
Ստեղծված դրությունն արդարացի բողոքի ալիք է բարձրացրել կրթօջախի ուսանողության շարքերում, դասախոսական կազմում, ինչպես նաեւ արվեստագետների ու արվեստասերների լայն շրջանում:
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ոգին, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, մենք պահանջում ենք, որ
• քոլեջի տնօրենի ընտրության գործում հարգվեն օրենքի պահանջները, տվյալ պարագայում` տնօրենի բոլոր թեկնածուները համապատասխանեն ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի № 224-Ն որոշման մեջ նշված չափանիշներին:
• Քոլեջի ուսանողներն ու դասախոսները, որպես կրթության սուբյեկտներ, որոշիչ ձայն ունենան տնօրենի ընտրության գործում:
Մենք գտնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 14-ին քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի լրացման համար մրցույթն անցել է խախտումներով, մասնավորապես, մրցույթն անցած թեկնածուներից մեկը` քոլեջի տնօրենի ներկայիս պաշտոնակատարը, ընդհանրապես չի համապատասխանում օրենքի պահանջներին: Ավելին, մրցույթում ուսանողներին ու դասախոսներին ներկայացնող մարդիկ չեն արտահայտում քոլեջի ուսանողների ու դասախոսների ընդհանուր կարծիքը` նրանց ընտրությունը տեղի է ունեցել ոչ թափանցիկ եւ ոչ ժողովրդավարական ձեւով:
Ս.թ. հոկտեմբեր ամսից սկսած` հարյուրավոր ուսանողներ ու տասնյակ դասախոսներ բողոքի ակցիաներ են անցկացրել խնդրի շուրջ, նամակ են հղել Կրթության ու գիտության նախարարին, ստորագրահավաք են կազմակերպել, հանդիպումներ ունեցել: Ի պատասխան մեր արդար պահանջների, փոխանակ խնդրին օրինական եւ ժողովրդավարական լուծում տրվելու, ըմբոստացող ուսանողներն ու դասախոսները ճնշումների են ենթարկվում եւ ահաբեկվում տնօրինության կողմից:
Նախաձեռնող խումբը, հարյուրավոր ուսանողներ ու դասախոսներ, հազարից ավել արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ հետեւում են այս գործընթացին: Մինչեւ դեկտեմբերի 19-ը Կրթության եւ գիտության նախարարը պետք է կատարի քոլեջի տնօրենի նշանակումը: Հուսով են, որ նախարարը կհարգի ՀՀ Կառավարության որոշումը եւ օրենքները, քոլեջի ուսանողների ու դասախոսների կարծիքը եւ անաչառ որոշում կկայացնի քոլեջի տնօրենի նշանակման գործում: Մեզ համար ընդունելի մյուս լուծումը կլինի նոր մրցույթի հայտարարումը, որին կմասնակցեն միայն Կառավարության վերոնշյալ որոշմանը համապատասխանող թեկնածուներ, իսկ մրցութային հանձնաժողովի կազմը կձեւավորվի ժողովրդավարական սկզբունքներով` քոլեջի ուսանողների ու դասախոսների ընտրությամբ:
Հայտնում ենք, որ մենք հաստատակամ ենք շարունակելու մեր պայքարը` իրավական եւ քաղաքացիական ճանապարհով մեր պահանջների իրականացմանը հասնելու համար:
Հ.Գ. Նախաձեռնության հետագա գործողությունների մասին շուտով կտեղեկացնենք հանրությանը»:




























