«Ադրբեջանում ապրող հայերի» թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, առնվազն այսպիսի եզրակացություն կարելի է անել ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններից: Ադրբեջանի ողջ տարածքում իբր 30 հազար հայերի բնակվելու փաստն այլեւս տպավորիչ չի թվում այդ երկրի պաշտոնյաների համար եւ նրանք հիմա էլ ասում են, որ այդքան հայ ապրում է միայն Բաքվում:
Vesti.az-ի փոխանցմամբ՝ օրերս Բաքվում ապրող 30 հոգուց բաղկացած հայերի խումբը դիմել է Ադրբեջանի միգրացիան ծառայությանը եւ խնդրում է աջակցել անձը հաստատող փաստաթուղթ ստանալու հարցում:
Հատկանշական է, որ Բաքվում 30 հազար հայերից միայն 30-ն է դիմել անձը հաստատող փաստաթուղթ ստանալու հարցում աջակցելու հարցով:
«Ազգությամբ հայ քաղաքացիներին արդեն վաղուց անձը հաստատող փաստաթղթեր եւ անձնագրեր են տալիս եւ դա նորություն չէ: Նրանք Ադրբեջանի նույնպիսի քաղաքացիներ են, ինչպես մնացածը եւ նրանց մերժելու հիմքեր մենք չունենք»,-հայտարարել են Ադրբեջանի ՆԳՆ համապատասխան վարչությունում:
Այսինքն ստացվում է, որ ավելի վաղ նրանց, այնուամենայնիվ, մերժել են փաստաթղթեր տալ:
Այդուհանդերձ, նրանք խոստովանում են, որ անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար դիմած հայերի մեծ մասը ցանկացել են իրենց ազգանունի «յան» վերջավորությունը փոխել «ով»-ով կամ «ովա»-ով:
«Դա տրամաբանական բացատրություն ունի: Կողմերը գտնվում են պատերազմական դրության մեջ ու թեեւ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը, որոնք նշում են, որ անկախ ազգությունից բոլորը հավասար են օրենքի առաջ, որոշ մանր պաշտոնյաներ երբեմն փորձում են խնդիրներ ստեղծել: Ասենք բյուրոկրատական քաշքշուկ են ստեղծում, տեղեկանք չեն տալիս եւ այլն»,-ասել է աղբյուրը:





























