Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է եւս մեկ աղմկոտ քրեական գործի մասին. Իրավապահները պետական պաշտոնյաների մասնակցությամբ Բիձինա Իվանիշվիլիի Cartu Bank-ի սնանկացման հանցավոր սխեմա են հայտնաբերել: Այդ մասին հայտնել է ՆԳՆ-ի մամուլի խոսնակ Նինո Գիորգոբիանին:
Ըստ նրա՝ հանցավոր սխեմայում համաձայնեցված գործել են նախկին իշխանությունների տարբեր կողմերը, մասնավորապես՝ Վրաստանի խորհրդարանը, արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները՝ իրենց ենթակառույցներով:
Cartu Bank-ը սնանկացրել են մի քանի փուլով. Սկզբում օրենքում փոփոխություններ են կատարվել, որոնք պետությանը թույլատրում էին հարկային պարտավորություններ ունեցող ընկերությունների գույքը աճուրդով վաճառել:
Հետո ընտրվել են իշխանություններին հավատարիմ գործարարներ, որոնք վարկային պարտավորություններ են ունեցել Cartu Bank-ում, եւ որոնք պետք է խոստովանեին գոյություն չունեցող հարկային պարտավորությունները: Դրանից հետո նրանց գույքը վաճառվել էր աճուրդով: Որպեսզի բանկը չկարողանա գնել այդ գույքը, աճուրդն ընդհատվում էր, եւ գույքը փոխանցվում էր էկոնոմիկայի նախարարությանը, որն էլ այն վաճառում էր խորհրդանշական գնով:
«Այդկերպ իշխանությանը մոտ կանգնած գործարարների ունեցվածքը պահպանվում էր, իսկ Cartu Bank-ում նրանց վարկային պարտավորությունները՝ վերացվում: Համապատասխանաբար, Cartu Bank-ը տուժող կողմ է դարձել», գրում է «Նովոստի Գռուզիան»:
ՆԳՆ-ի մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ նախկին շատ պաշտոնյաներ պատրաստ են համագործակցել իրավապահների հետ, եւ քննությանը հանցավոր սխեմայի մանրամասների մասին լիարժեք տեղեկատվություն են տրամադրել:




























