Ռուսաստանում կեղծ թղթադրամների, այդ թվում եվրոյի, արտադրության մեծագույն ցանց է բացահայտվել: Ռուսաստանի ՆԳՆ հաղորդագրության համաձայն, ցանցի մասնակիցները, որոնց շարքում նաեւ հայ կա, ամեն ամիս կարող էին արտադրել ավելի քան 40 մլն ռուբլու կեղծ թղթադրամներ:

Իրավապահների փոխանցմամբ՝ առաջին անգամ կանխվել է նաեւ եվրոյի կեղծ արտադրությունը, նախկինում Ռուսաստանի տարածքում կեղծ եվրո չի արտադրվել, հաղորդում է INFOX.ru-ն:

Կեղծ թղթադրամների իրացումը կատարվել է Ռուսաստանի փաստացի բոլոր տարածաշրջաններում, ինչպես նաեւ Բելառուսում եւ Ուկրաինայում: Օպերատիվ տեղեկությունների համաձայն, դրամական միջոցների մի մասն ուղղվել է Հյուսիսային Կովկասում ծայրահեղական խմբավորումների ֆինանսավորմանը:

Ընդհանուր առմամբ, կալանավորվել է բանդայի 7 մասնակից: Գործողության առաջին փուլը տեղի է ունեցել այս տարվա հուլիս-դեկտեմբերին՝ Դաղստանում: 3,5 մլն ռուբլու կեղծ թղթադրամների խմբաքանակի իրացման պահին ձերբակալվել է բանդայի 5 ակտիվ մասնակից:

Գործողության երկրորդ փուլը կազմակերպվել է Մոսկվայի մարզում: 100 հատ 5-հազարանոց թղթադրամ իրացնելու պահին ձերբակալվել են 40-ամյա հայաստանցի եւ 29-ամյա դաղստանցի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայում քրեական գործ է հարուցվել հանցավոր խմբի 5 անդամների դեմ, որոնք կեղծել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ուկրաինայի արժույթները, ինչպես նաեւ եվրոն:

Քննիչների փոխանցմամբ, օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր խումբը, որը սիստեմատիկ կերպով զբաղվել է ռուսական 1000 եւ 5 հազար ռուբլիանոց թղթադրամների, 100 եվրո թղթադրամի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի արժույթների` դրամի եւ գրիվնայի կեղծմամբ եւ իրացմամբ:

Իրավապահները պարզել են կեղծ թղթադրամներն իրացնողների, միջնորդների, ինչպես նաեւ դրանք պատրաստողների ինքնությունը: Հինգ հոգանոց ավազակախմբի անդամների տներում խուզարկություններ են անցկացվել, առգրավվել է կեղծ թղթադրամներ պատրաստող մեքենան եւ պատրաստի «արտադրանքը», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Այս գործով մեղավորներին սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում: