Ռուսաստանի ամբողջ տարածքում սաստիկ սառնամանիքներ են: Օդերեւութաբանների տվյալով՝ դեկտեմբերին նման տեւական եւ լուրջ սառնամանիքներ չէին դիտվել 1938թ.-ից: Մոսկվայում եւ Պետերբուրգում այսօր ջերմաստիճանը -18 է, Սիբիրում եւ Կոլիմայում՝ մինչեւ -50 աստիճան ցուրտ:

Ամենուր կլիմայական նորմայից 10-15 աստիճան ցուրտ է: Մի քանի շրջաններում դպրոցականներ արդեն մեկ շաբաթ է տնից են պարապում: Խակասիայում ջերմաչափը –40-ից ավելի չի բարձրանում: Հանրապետությունում անօթեւանների համար կացարաններ են ստեղծվել, հայտնում է vesti.ru-ն:

Մագադանի չորս շրջաններում ջերմաստիճանը -50-ից էլ ցածր է: Կամչատկայում ուժեղ ձյունը խախտել է օդային հաղորդակցումը: Այս գիշեր «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը, որը Մոսկվայից թերակղզի էր թռչում, վայրէջք է կատարել Խաբարովսկում: Վլադիվոստոկի եւ Խաբարովսկի չվերթներն ուշանում են. Օդաչուները նման եղանակին չեն համարձակվում թռչել:

Սամարայի երկու շրջաններում այսօր դպրոցներն ու մանկապարտեզները չեն գործում: Նախօրեին սառնամանիքից պայթել էր գազատարը, դադարեցվել էր հարյուրավոր տների, մանկատան եւ Վետերանների տան ջեռուցումը: